Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական խաղաղության համաձայնագրում Արցախը կա՞

Մայիս 25,2023 12:00

Դարձյալ շեշտվեց, թե որոնք են Մոսկվայի համար օրակարգային հիմնական հարցերը` Հայաստան-Ադրբեջան սահմանազատում եւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում

Մայիսի 19-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունեց Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերներ Արարատ Միրզոյանին եւ Ջեյհուն Բայրամովին, կայացան հայ-ադրբեջանական առանձին բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարների վերաբերյալ։

Պաշտոնական Մոսկվան մինչ հանդիպումը հայտնեց, որ արտգործնախարարները մանրամասն քննարկելու են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, եւ հատուկ շեշտեց` տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանազատումը հայ-ադրբեջանական սահմանին, երկրների միջեւ խաղաղության պայմանագրի, ինչպես նաեւ հասարակության, փորձագետների եւ խորհրդարանականների շփումների նախապատրաստումը։

Այն, որ Լավրովի հովանու ներքո կազմակերպված բանակցությունները կարեւոր փուլ էին, վկայում էր այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ մոսկովյան այդ բանակցությունները հայտնեց, որ մայիսի 25-ին Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Հետեւաբար, պարզ է, որ ԱԳ նախարարները նախապատրաստում են հենց այդ հանդիպումը:

Հայկական կողմի համար անհրաժեշտ եւ արդեն ավանդական դարձած ճնշումների մթնոլորտն էլ ապահովված էր. Ադրբեջանն ավելի ու ավելի հաճախակի է սկսել դիմել սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, Հայաստանի ՊՆ-ն սկսել է գնդակոծությունների մասին հաղորդագրություններ տարածել։

Կողմերին ռուսական միջնորդության դաշտ տեղափոխելու ձգտման վրա կենտրոնացած Մոսկվան շարունակում է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքների վերաբերյալ «երկու կողմերին» ուղղված բալանսավորված կոչեր հղել` գործընկերներին կոչ անելով զերծ մնալ սադրանքներից եւ իրավիճակի սրումից, հավելելով, թե սրացումն ընդգծում է երկխոսությունն ակտիվացնելու եւ հնարավորինս շուտ կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Ռուսական կողմն, իհարկե, շարունակում է խայթոցները Արեւմուտքի ուղղությամբ:

Մոսկվայից Արեւմուտքին ուղղված շարունակական ու հետեւողական մեղադրանքներից տպավորություն է ստեղծվում, թե հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքների հեղինակը Արեւմուտքն է, այսինքն` ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայված ԵՄ դիտորդներն են, որոնց Մոսկվան շարունակ մեղադրում է անարդյունավետ գործունեության մեջ, անգամ ակնարկելով, թե իրավիճակի սրումը պայմանավորված է հենց նրանց գոյությամբ:

Ուշագրավ էր մոսկովյան եռակողմ բանակցությունների նախաշեմին Վաշինգտոնից մի ուշագրավ հայտարարություն: Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությանը, անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում բանակցությունները։ «Կողմերի միջեւ ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարեւոր են՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունեցել՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- ասել էր նա` մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման կազմակերպման մասին լուրը։ Ի տարբերություն Մոսկվայի, Վաշինգտոնը հասկացնել տվեց, որ կարեւորում է իրապես երկխոսությունը, այլ ոչ թե հանգամանքը, թե ում հովանու ներքո են անցկացվում բանակցությունները:

Այսպիսով, Մոսկվայում նախ կայացավ Լավրով-Բայրամովի հանդիպումը: «Այսօր վերջապես եռակողմ հանդիպում ենք անցկացնում մեր հայ գործընկերոջ հետ, որը նախատեսված էր անցած տարեվերջին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Ջեյհուն Բայրամովը խոսել էր Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացի դրական դինամիկայի մասին. «Այս հանդիպման կազմակերպումն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացում ի հայտ եկած դրական դինամիկան մենք բարձր ենք գնահատում»։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հավաստիացրել էր, որ Մոսկվան մտադիր է անել հնարավորը եռակողմ հանդիպման ընթացքում արդյունքների հասնելու համար. «Երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների եւ համաձայնագրերի դերը պետք է որոշիչ լինի բոլոր հարցերի շուրջ բոլոր լուծումները գտնելու գործում»: Ռուսաստանը պատմական դեր է խաղացել հարավկովկասյան տարածաշրջանում եւ ունի ամենալուրջ շահերը, Միրզոյանի հետ հանդիպմանը հիշեցրել է Լավրովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերջնական հաստատմանը։ Լավրովը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների դերը խիստ նշանակալի է. այդ համաձայնագրերը պետք է վճռորոշ նշանակություն ունենան բոլոր հարցերի վերաբերյալ լուծումները գտնելու համար՝ ինչպես խաղաղության պայմանագրի, բոլոր ճանապարհների ապաշրջափակման, այնպես էլ սահմանազատման գործընթացում։ «Կարծում եմ, որ այս բոլոր ոլորտներում առաջընթացն առանցքային պայման է Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար: Ռուսաստանը պատմական դեր է խաղացել այս տարածաշրջանում եւ ունի ամենալուրջ շահերը: Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը խոսեց Ադրբեջանի կողմից պարբերաբար էսկալացիոն քաղաքականության մասին Հայաստանի հետ սահմանին, շեշտելով, որ այդ կերպ խախտվում են եռակողմ հայտարարության դրույթները։ «Դրա վերջին դրսեւորումներից է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատման փորձը, թեպետ, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ միջանցքը պետք է լինի Ռուսաստանի վերահսկողության տակ, մենք, սակայն, հիմա չենք կարող նման արձանագրում անել, որ Ռուսաստանի Դաշնությունն է վերահսկում Լաչինի միջանցքը»: Միրզոյանը վստահեցրել էր, որ Հայաստանի նպատակը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումն է. «Մենք հավատարիմ ենք եռակողմ հայտարարություններին, որոնք ընդունել են մեր երկրների առաջնորդները»։

Ավելին, Միրզոյանն էլ իր հերթին խոսել է առաջընթացի մասին. «Ես կցանկանայի նշել այն առաջընթացը, որն արդեն իսկ ձեռք է բերվել Ադրբեջանի հետ առաջարկվող խաղաղության պայմանագրի մի քանի հոդվածներում։ Կցանկանայի նաեւ նշել այն ըմբռնումը, որը ձեռք է բերվում այլ թեմաների շուրջ, ինչպիսիք են հաղորդակցությունների բացումը, ապաշրջափակումը, Ալմա Աթայի պայմանագրի հիման վրա սահմանազատման հետագա գործընթացը»։ Միրզոյանի խոսքով՝ կողմերը պետք է աշխատեն սահմանազատման գործընթացի պարամետրերի հետագա ճշգրտման ուղղությամբ։ Նա նաեւ ընդգծել է հետագա էսկալացիան կանխելու կարեւորությունը. «Հայաստանը հավատարիմ է մնում երկրների ղեկավարների բոլոր եռակողմ հայտարարություններին։ Մենք աշխատելու ենք կառուցողական»։

Լավրովի հովանու ներքո կայացած բանակցություններից հետո արդեն Ռուսաստանի արտգործնախարարը վստահեցրեց, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները խաղաղության պայմանագրի եւ այլ հարցերի շուրջ։ Մանրամասներ, սակայն, Լավրովը չի հայտնել։ «Խաղաղության պայմանագրի եւ մի շարք այդ կետերի շուրջ, որոնք այսօր քննարկվել են, հաջողվել է մոտեցնել կողմերի ընկալումները ընդհանուր տեսլականին»,- ասել է նա` տեղեկացնելով, որ այս շաբաթ նախատեսված է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների գլխավորած խմբերի նիստը. «Հույս ունենք, որ նիստի արդյունքներով կհասնենք դրական արդյունքի։ Կողմերն արդեն շատ-շատ մոտ են վերջնական պայմանավորվածություններին»։

Բացի այդ, Լավրովը հայտնել է սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստ անցկացնելու հարցով պայմանավորվածության մասին, որը նրա խոսքերով՝ տեղի կունենա առաջիկայում։ Լավրովը հատուկ շեշտեց, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մոսկովյան հանդիպմանը հաստատել են՝ առանց սահմանազատման հարցերի, տրանսպորտի եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, անվտանգության իրավիճակի ընդհանուր բարելավման ապահովման հայ-ադրբեջանական սահմաններին եւ Ղարաբաղում, շատ դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ ասպեկտներով։

Այսինքն, ռուսական կողմը եռակողմ այս հանդիպման կազմակերպմամբ մեկ անգամ եւս շեշտեց, թե որոնք են Մոսկվայի համար օրակարգային հիմնական հարցերը` սահմանազատում եւ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, այսինքն, սահմանների ճշգրտում եւ միջանցքների գործարկում: Ավելին, Մոսկվան հատուկ ընդգծում է, որ առանց այս խնդիրների լուծման` անհնար է խաղաղության համաձայնագրի ստորագրման հասնել:

Ինչպես նկատում ենք՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին որեւէ ակնարկ անգամ չկա, բացի եռակողմ մակարդակում առաջնորդների պայմանավորվածությունների մասին հիշատակելը, ընդ որում, առանց նշելու, որ այդ պայմանավորվածությունները չեն կատարվում, դրանք խախտված են: Իսկ հայաստանյան ընդդիմությունը, որն օրեր առաջ ջանք ու եռանդ չէր խնայում «բացատրելու» ժողովրդին, որ Բրյուսելում «ծախել են Արցախը Ադրբեջանին», որեւէ անհանգստություն չի հայտնում այն մասին, որ Մոսկվայի համար ԼՂ-ի անվտանգության, իրավունքների ու Լաչինի ապաշրջափակման հարց գոյություն չունի, որոնք, ի դեպ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նրա ուղիղ պարտավորություններն են:

Փոխարենը Լավրովից լսեցինք միայն ընդհանրական ձեւակերպումներ` Մոսկվան կանի ամեն ինչ, որպեսզի ապահովվի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը. «Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի իրավիճակի կայունացման վերաբերյալ որոշումները կատարվեն։ Մենք ակնկալում ենք, որ դրանք կհարգվեն բոլոր մյուս երկրների կողմից, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են ներկա գտնվել այս տարածաշրջանում»։

Լավրովի միջնորդությամբ բանակցությունների օրն արդեն Կրեմլից հայտնեցին, որ ակնկալում են, որ Փաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն Մոսկվայում մայիսի 25-ին: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր. «Իսկապես, կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում կլինեն ե՛ւ Եվրասիական տնտեսական համաժողովը, ե՛ւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Ակնկալում ենք, որ ե՛ւ նախագահ Ալիեւը, ե՛ւ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»։

Նկատենք, որ Մոսկվայում Պուտինի միջնորդությամբ բանակցություններից հետո ծրագրված են եւս երկու հանդիպումներ: Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ օրերս կայացած բրյուսելյան հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ նրանք կհանդիպեն հունիսի 1-ին Քիշնեւում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ, ինչպես նաեւ հուլիսին` Բրյուսելում, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031