Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ունենք գերվարձատրվող մեղադրող կողմ»․ ընդհանուր իրավասության դատարանի դատավորների աշխատավարձը եւս կբարձրանա

Մայիս 25,2023 09:38

Առաջիկայում նախատեսվում է նաեւ ընդհանուր իրավասության դատարանների դատավորների աշխատավարձերի վերանայում։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, նախատեսվում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ հարցին, որ ընդհանուր իրավասության դատարանների դատավորների աշխատավարձերը չեն բարձրացվում, այնինչ, այդ օղակն աշխատում է գերբեռնված։

Արծվիկ Մինասյան

«Անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է, որ շատ դատարաններում, առաջին հերթին առաջին ատյանի դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում, նրանց մասով որեւէ առաջընթաց չկա։ Այս չհամակարգված մոտեցումը բերում է նրան, որ, ըստ էության, մենք ունենք գերվարձատրվող մեղադրող կողմ՝ քննչական մարմիններ եւ այլն, որոնց անբարեխիղճ աշխատանքը տեսնում ենք։ Տպավորությունն այն է, որ խրախուսվում է այս անբարեխղճությունը։ Ես նկատի չունեմ բոլոր քննիչներին, բայց շատ դեպքեր կան, որ ակնհայտորեն ոչ իրավաչափ վարքագիծ են դրսեւորում այս կան այն ենթադրյալ հանցավոր երեւույթների նկատմամբ։ Հետագայում այդ ապացույցները նույն դատական ատյաններում պարտվում, կոտրվում, փշրվում են։ Հետեւաբար, այս նախագծին մենք դեմ կքվեարկենք»,- ասաց Մինասյանը։

Վլադիմիր Վարդանյան

Վլադիմիր Վարդանյանն ի պատասխան ասաց․ «Մոտակա ժամանակահատվածում մենք ձեզ հետ հնարավորություն կունենանք ուսումնասիրելու եւ դիրքորոշում արտահայտելու հարցի վերաբերյալ, որը վերաբերում է հենց առաջին ատյանի դատավորների աշխատավարձերի բարձրացմանը եւ հավելավճարի տրամադրմանը։ Սա համապատասխանում է կառավարության եւ մեր այն տրամաբանությանը, որ արդարադատություն իրականացնելիս դատավորը եւ արդարադատության իրականացմանն օժանդակող այլ սուբյեկտները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց մասնագիտական աշխատանքի վրա։ Հետեւաբար, մոտակա ժամանակահատվածում նախատեսվում է նաեւ ընդհանուր իրավասության դատարանի դատավորների աշխատավարձերի ընդհանուր վերանայում, որը հնարավորություն կտա ապահովել բալանսը, որի մասին դուք խոսում եք»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031