Լրահոս
Օրվա լրահոսը

Լսափողը պահած ես լսել եմ՝ Դավիթ Տոնոյանը ոնց է խոսում Փաշինյան Նիկոլի հետ․ Տիրան Խաչատրյանը մանրամասներ է պատմում․ «168 ժամ»

Մայիս 25,2023 09:00

Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Հետքը» Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ անկլավների և միջանցքի մասին կետերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հանելն իր միանձնյա որոշո՞ւմն է եղել, թե՞ քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանության նախարարության, ԳՇ ներկայացուցիչների հետ, Փաշինյանն արձագանքել էր՝ նման քննարկումներ եղել են:

«Քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի: Ես ասել եմ՝ չեմ ստորագրի»,- ասուլիսում ընդգծված պատասխանել էր Փաշինյանը:

Ճշտող հարցին՝ ԳՇ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, ԳՇ պետի՞ն, նա՞ է ասել, Փաշինյանը հիշեցրել էր, որ այդ հարցին 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձել է: «Աչաջուրում իմ ունեցած ելույթը լսել եք, այնտեղ ես շատ մանրամասն դրա մասին խոսել եմ»,- եզրափակել էր Փաշինյանը:

Իսկ 2021 թվականի հունիսի 11-ին նախընտրական մի հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել, ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի, միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել»:

Օնիկ Գասպարյանն էլ նույն ժամանակահատվածում, այսպես ասած, Ղազախի գյուղերի հետ կապված, թարմացրել էր Փաշինյանի հիշողությունը՝ նշելով.

«Քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն, որպես դիվանագիտական հնարք՝ միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով»՝ այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ, և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ:

 – Հիմա ո՞ւմ դերակատարությունն է զգալի, որ անկլավների հետ կապված կետը հանվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից՝ Դավիթ Տոնոյանի՞, թե՞ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, ինչպես Օնիկ Գասպարյանն է նշում՝ «ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

– Ես խոսել եմ Դավիթ Տոնոյանի հետ, իմ իմանալուց հետո, որ նման բան կա: Նշել եմ՝ ինչ կապ ունեն այդ տարածքային պահանջները հրադադարի հետ, և ոչ միայն անկլավների, այլ ընդհանրապես, որ սա դառնում է լրիվ ուրիշ բան: Դավիթ Տոնոյանն ինձ ասաց՝ կապում մնա, ես հիմա միանգամից խոսեմ, գուցե ուրիշ բան էլ լինի: Լսափողը պահած ես լսել եմ՝ ինքը ոնց է խոսում Փաշինյան Նիկոլի հետ: Նա ներկայացրել է այդ ամեն ինչը՝ և՛ տարածքների, և՛ անկլավների հետ կապված, նաև՝ այն պահերի, որ, ասենք, Արցախի տարածքում, ըստ ԼՂԻՄ-ի քարտեզի, իրենք լեզվակներ ունեն մտած: Դրանց հետ կապված ես առաջարկել եմ, որ այն տարածքները, որտեղ գտնվում էր շփման գիծը, բայց նախկինում ԼՂԻՄ-ի տարածքից դուրս էր, դրանք փոխարինենք: Ասել եմ՝ այդ քայլին էլ գնացեք, միանգամից զիջողական կեցվածք մի ընդունեք: Այս մասին լրիվ ես լսել եմ, որ Տոնոյան Դավիթն առաջարկել է: Հիմա թե իմ ասելուց հետո նրա՞ առաջարկն է ազդել, թե՞ Աբազյանին Օնիկ Գասպարյանի ասելը, դե, Աբազյանն էլ երևի ներկայացրած կլինի, գուցե երկուսի ասածը համատեղ է ազդել: Ամեն դեպքում, այդ նախնական տարբերակից անկլավների մասը հանվել է:

– Պարոն գեներալ, 44-օրյա պատերազմի ընթացքում հարավային ուղղությամբ Ձեր պատասխանատու լինելու, այդ ուղղությամբ նահանջների մասին հաճախ է հիշում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ Ձեր քննիչ հանձնաժողով չգնալու համատեքստում: Դուք վախենալու բան ունե՞ք:

– Ընդհանրապես… իսկ Անդրանիկ Քոչարյանը թող իր մասին անհանգստանա:

– Ես հիմա չեմ առաջարկում, որ Դուք իր ասածը մեկնաբանեք, առհասարակ, հանրության տարբեր շրջանակներում, մամուլում, սոցցանցերում խոսվում է հարավային ուղղությամբ նահանջների մասին: Այս առումով բացատրության անհրաժեշտություն չե՞ք գտնում Դուք:

– Իսկ որ հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի, իսկ սրանք չկնքեցին, դրա մասին ինչի՞ չեն խոսում: Խոսքը հակառակորդին լուրջ վնասներ հասցնելու մասին է: Վերջին հաշվով, նաև այլ հարցեր կան, որ պիտի գնահատվեն:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031