Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողեք՝ հանգիստ ապրենք»

Մայիս 25,2023 10:00

2020 թվականի հուլիսին ընդունվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը: Փաստաթուղթը բացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձով, որի «Ազգային նպատակներ» բաժնում, մասնավորապես, ասված է. «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման»: Իսկ նույն ուղերձի «Համակեցության կանոններ» բաժնում վարչապետն արձանագրում է հետեւյալը. «Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է»: Ինչպես նաեւ՝ «Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը», – նշում է Փաշինյանը:

Մեջբերումները չշարունակեմ: Ցանկանում եմ պարզապես ընթերցողի ուշադրությունը դարձնել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ տեղ էին գտել Արցախի վերաբերյալ կետեր: Ոչ թե Գլենդեյլի, Ստամբուլի կամ Վլադիվոստոկի հայերի, այլ՝ հենց Արցախի: Դրանից կարելի է եզրակացնել, որ ընդամենը երեք տարի առաջ Հայաստանի վարչապետը եւ իշխող թիմը իրավացիորեն կարծում էին, որ ՀՀ անվտանգությունը պայմանավորված է Արցախի ինքնորոշման համար պայքարով: Հիմա, սակայն, նրանք վստահ են կամ ձեւ են անում, թե վստահ են, որ մենք կարող ենք կառուցել մեր անվտանգությունն առանց Արցախի: Եթե դա անկեղծ համոզմունք է, ոչ թե հերթական «ֆռիկ», ապա այդ հարցում մեր իշխանությունը չարաչար սխալվում է:

Հիմա երեւի անվտանգության նոր հայեցակարգ է պետք, որտեղ գրվելու է, որ արցախցիներն Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնություն են եւ պետք է իրենց գլխի ճարը տեսնեն ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ երկրում բնակվող հայ համայնքների ներկայացուցիչները: Իսկ մեր նպատակն է այս 29.8 հազար քառակուսի կիլոմետրում հանգիստ ապրելը: Այդ նոր հայեցակարգի վերնագիրը հենց այդպես էլ կարելի է դնել՝ «Թողեք հանգիստ ապրենք»:

Բայց եթե անգամ վերանանք ազգային արժանապատվության, հայրենակիցներին ցեղասպանության ենթարկելու եւ այլ բարոյական խնդիրներից, ապա զուտ պրագմատիկ տեսանկյունից «հանգիստ ապրելու» ցանկությունը ուտոպիա է: Ինձ թվում է՝ սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները համոզվեցին, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո մենք «հանգիստ չենք ապրում»: Երեւանում, այո, այդ զգացումն առայժմ չկա: Եվ այստեղ տագնապ հնչեցնող ցանկացած մեկի բերանը կարելի է փակել՝ «քոչարյանականի» պիտակը կպցնելով: Ցավոք կամ բարեբախտաբար, այդ ընդարմացած վիճակը երկար չի տեւի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հիմա բոլոր երկրների ներսում գնում են երկու ուժերի հակամարտություն, մեր երկրում նույնպես, մի ուժը՝ դա նորմալ նացիոնալ ազգային ուժերն են, իսկ մյուս ուժը՝ դա այլասերվածների տրանսնացիոնալ ապազգային ուժերն են, ազգային ուժերի ռեսուրսը՝ դա ազգային մտավորականությունն է եւ ժողովրդի քաղաքականապես հասուն զանգվածը, իսկ այլասերվածների ռեսուրսն է՝ օլիգարխիան, բոլոր չորս իշխանությունների ծախված զանգվածն ու ժողովրդի քաղաքականապես մանկամիտ զանգվածը: Ժողովրդի մանկամիտ զանգվածը մեր դարդուցավը պետք է լինի, որովհետեւ նրանց դեմ են տալու ժողովրդի հասուն զանգվածին, մեր մանկամիտները վատ ոստիկանից վախեցած ընկնում են լավ ոստիկանի ձեռքը, էլ չեն հասկանում, որ լավն ու վատը մի ոստիկանական նպատակ ունեն՝ շանտաժով օգտագործեն մանկամիտներին հասունների դեմ պայքարում:
    Մեր այլասերված իշխանությունը շատ լավ համագործակցում է բոլոր այլասերված իշխանությունների հետ, նրանց ընդհանուր նպատակն է՝ ոչնչացնել պետություններն ու ամեն ազգային երեւույթ, մարդկանց դարձնել օբյեկտ ու ստրուկ, մեր ազգային մտավորականությունն էլ պետք է շատ լավ համագործակցի բոլոր ժողովուրդների ազգային մտավորականության հետ եւ համատեղ ռազմավարություն եւ մարտավարություն մշակի, համատեղ գենշտաբ ստեղծի, բոլոր ժողովուրդների մեջ էլ միամիտ զանգվածը մեծ տոկոս է կազմում, սկսենք ինքներս մեզանից՝ քաղաքական լիկբեզ անցկացնենք մեր շատ սիրելի քաղաքականապես միամիտ ու վախեցած ժողովրդի զանգվածի մեջ: Ով թթու խոսք ասի մեր միամիտ զանգվածի հասցեին, դա էլ դավաճան է, եկենք սիրով եւ համբերատարությամբ դուրս բերենք մեր միամիտ զանգվածին այլասերվածների ճիրաններից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031