Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՍՀՄ փլուզման ժամանակ ընդունված միջազգային հապճեպ որոշումները խրախուսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ անպատիժ ապօրինությունների շարունակությանը. Մասիս Մայիլյան. «Արցախպրես»

Մայիս 24,2023 23:59

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանն «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեթոդաբանության խնդիրներին, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին, այդ դրսևորումները միջազգային հանրության կողմից չեզոքացնելու քայլերին և օրակարգային այլ հարցերի՝ կապված Արցախյան հիմնախնդրի կարգավորման առկա խնդիրների հետ:

-Պարոն Մայիլյան, տարբեր տարիների Դուք խոսել եք բանակցային գործընթացի մեթոդաբանությունը փոխելու անհրաժեշտության մասին ու պնդել, որ գործող մեթոդաբանությունը վաղ թե ուշ հանգեցնելու է հակամարտության ուժային լուծման փորձերի։ Ի՞նչ նկատի ունեիք, և ի՞նչը պետք է փոխվեր, ըստ Ձեզ։

-Նկատի ունեի այն, որ կարգավորման հիմքում պետք է դրվեին ոչ թե հակամարտության հետևանքները, մասնավորապես՝ տարածքների հարցը, այլ հակամարտության սկզբնապատճառը՝ Արցախի կարգավիճակը։ Չգիտես ինչու շատերը մոռանում են, որ երբ սկսվեց արցախյան շարժումը, ինչն էլ վերաճեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, քանի որ Ադրբեջանն ի սկզբանե ցանկանում էր արյան մեջ խեղդել արցախցիների կամարտահայտությունը, այն ժամանակ տարածքների հարց չկար, ինչպես և չկար փախստականների ու ներքին տեղահանվածների խնդիր։ Դրանք ծագեցին հետո՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում։ Այնպես որ, ասածիս իմաստը հիմնախնդրի պատճառահետևանքային կապերի ճիշտ ձևակերպումն էր։

Իսկ ուժային լուծման մեղավորի հարցը նույնպես սկզբունքային է։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը միջազգային ճանաչում է ստացել այն պայմանով, որ ընդունում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ վեճը և պարտավորվում խաղաղ ճանապարհով լուծելու այդ վեճը։ Սակայն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին անդամակցելուց անմիջապես հետո Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունները և պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Պատերազմում կրած պարտությունը հանգեցրել է նոր ստատուս քվոյի և կողմերի միջև միջազգայնորեն ճանաչված շփման գծի ստեղծմանը։

Ցավոք, Ադրբեջանի ագրեսիան այդպես էլ պատշաճ միջազգային դատապարտման չի արժանացել։ Այդուհանդերձ, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցային ողջ գործընթացի ընթացքում պատրաստակամություն են հայտնել փոփոխելու զորքերի շփման գիծը։Նման պատրաստակամությունն ուղեկցվում էր մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման միջոցով հակամարտության ամբողջական կարգավորումը ռազմական գործողությունների չվերսկսման անխախտ երաշխիքներ ստեղծելու պայմանով։

Ադրբեջանն իր բոլոր ագրեսիվ գործողությունները քողարկում է այն թեզով, որ իբր գործում է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում. սեփական ապօրինի ու անմարդկային գործողությունների համար Ադրբեջանն այլ արդարացումներ չունի։ Հետևաբար, հարկ է դիմել բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Ադրբեջանի ինքնիշխանությունը, ու կոչ անել գիտակցելու, որ Ադրբեջանն իր անմարդկային քաղաքականությունն արդարացնում է՝ նրանց կողմից իր անկախության ճանաչման փաստով։

Այսինքն՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ ընդունված միջազգային հապճեպ որոշումները խրախուսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ անպատիժ ապօրինությունների շարունակությանը։ Ոչ ոք չպետք է մոռանա, որ այդ ճանաչումը ստանալով՝ Ադրբեջանն ամբողջ աշխարհի առաջ իր վրա պատասխանատվություն է վերցրել և պարտավորություն է ստանձնել խաղաղ ճանապարհով լուծել վիճելի հարցերը։ Բայց բոլորն էլ ականատես են, թե ինչ արժեն Ադրբեջանի այդ խոստումները, թեև չեն շտապում նրան պատասխանատվության ենթարկել։

-Ֆեյսբուքյան գրառումներում Դուք որպես ահաբեկչություն եք բնորոշում Արցախի շրջափակումը։ Արդյո՞ք Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են ահաբեկչության դասական ձևակերպումներին։

-Ադրբեջանի իշխանությունների գործողությունները՝ Արցախի 120 հազար բնակիչների պատանդառումը և նրանց ազատման համար պաշտոնական Բաքվի ներկայացրած քաղաքական ու շահադիտական բնույթի պահանջներն, այո, հանդիսանում են պատերազմի և միջազգային ահաբեկչության դրսևորման ձև՝ ըստ միջազգային իրավունքի։ Դա նշանակում է, որ միջազգային արձագանքն էլ պետք է լինի համարժեք՝ ագրեսիային և միջազգային ահաբեկչությանը դիմակայելու և պատժելու տրամաբանությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031