News.am/.Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը խորը մտահոգություն է հայտնել մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարության վերաբերյալ, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քառակուսի կիլոմետր տարածքով, որում ներառված է նաև ԼՂ-ն:
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի հայտարարության մեջ ասված է.
«Որպես տեղի ունեցող գործընթացների ուշադիր դիտորդ՝ Շրջանակը գտնում է, որ այն պայմանները, որոնց արդյունքում արվել է շահագրգիռ կողմ հանդիսացող Արցախի ժողովրդի կամքն անտեսող այս հայտարարությունը, չեն կարող հանգեցնել որևէ ազատ որոշման, որը համաձայնեցված կլինի արդար և ընդունելի բանակցությունների շրջանակում։ Հետևաբար, այս հայտարարությունը առ ոչինչ է:
Շրջանակը միջազգային հանրությանը և, մասնավորապես, Ֆրանսիային կոչ է անում իրենց դերակատարումն ունենալ և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան ստեղծել պայմաններ հակամարտության երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև արդար և իրավահավասար բանակցությունների համար, այլ ոչ թե սատարել ապօրինի գործընթացին և բավարարվել դրանով։
Այս ակնկալիքով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ Արցախի Հանրապետությունն ինքնորոշվել է 1991 թվականին՝ համաձայն միջազգային իրավունքի դրույթների։ Հետևաբար, Շրջանակը շարունակում է աջակցել այս ազատ և անկախ Հանրապետությանը և կոչ է անում բոլոր ֆրանսիացի բոլոր ընտրված պաշտոնյաներին անել նույնը` ելնելով արդարության և ժողովրդավարության մեր արժեքներից»: