Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնիվ լինել-չլինելու մասին Փաշինյանը չէ, որ պիտի խորհուրդներ տա. Բագրատ սրբազան

Մայիս 24,2023 23:40

«Ազնիվ լինել-չլինելու մասին ինքը չէ, որ պիտի խորհուրդներ տա, երկրորդ՝ եկեղեցին բացարձակ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ո՛չ կարիքը, ո՛չ անհրաժեշտությունը, ո՛չ ցանկությունը , ո՛չ էլ ձգտումն ունի: Այսօր մենք ուղղակիորեն կանգնած ենք գոյաբանական աղետի առջեւ, սրա մասին է մեր ամբողջ մտահոգությունն ու խոսքը:  Եկեղեցին մտահոգված է այսօրվա առկա խնդիրներով, որից ինքը  անջատ չէ՝ թե՛ որպես ընդհանրական կառույց, թե՛ անհատ հոգեւորականներ: Սա մեր կենսագրությունն ու պատմությունն է: Մեր ամբողջ մտահոգությունը մեր գոյությունը, մեր հայրենիքը, մեր կենսագրությունն է, որի համար մենք գործում ենք: Եթե Հայաստանում քաղաքականություն գոյություն ունի, թող դրանով զբաղվեն քաղաքական գործիչները, բայց Հայաստանում ո՛չ քաղաքականություն կա, ոչինչ չկա: Մեզ համար միայն մնում է բարձրագույն արժեքը՝ մեր հարենիքը, մեր ապագան, մեր տեսիլքը, մեր ինքնությունը, որը գողանալու փորձ է  արվում »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին, թե եկեղեցին կարող է կուսակցություն բացել ու այդկերպ քաղաքականությամբ զբաղվել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր պետություն-եկեղեցի հարաբերություններին: Ըստ նրա՝ այդ հարաբերությունները պետք է լինեն իրավական, օրինական ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում. «Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն և այդ կուսակցության շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի և ընտրողների առաջ էլ, և այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա»։ Փաշինյանը շեշտել է նաեւ, որ եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:

Անդրադառնալով վարչապետի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եվ հայտարարությանը, թե Տիգրանաշենն ու Տավուշի վեց գյուղերն ընդգրկված չեն ՀՀ 29 800 քկմ մեջ՝ Բագրատ եպիսկոպոսը նկատեց. «Նա միանձնյա «միապետի» իրավունքով ոչ մի իրավասություն չունի որոշելու, միաժամանակ դա հակաիրավական է, հակասում է թե՛ ՀՀ անկախության հռչակագրին, արձանագրած դրույթներին, Սահմանադրությանը: Այսօր մեր հանրությունը անընդունելի է  համարում Արցախի որեւէ կերպով որեւէ երկրի տարածքում գտնվելը, հատկապես՝ թշնամական Ադրբեջանի: Ոչ մի տրամաբանություն  չկա իր պատկերացրած մետրերի ու կիլոմետրերի շրջանակում Տավուշի  տարածքներից հանձնելը, որը իրենք կոչում են անկլավներ: Իրենց համար անկլավը արոտավայր է, մեզ համար հայրենիք: Անընդունելի է բոլոր առումներով,  հատկապես այն իմաստով, որ որեւէ մեկը մեր  փոխարեն միանձնյա որոշում կարող է կայացնել, չի կարող: Հայաստանում անկլավ գոյություն չունի, սա մեր հայրենիքն է, այնտեղ, որտեղ կանգնած է հայոց զինվորը, որտեղ սահմանները պաշտպանված են»:

Բագրատ սրբազանը համաձայն չէ, որ ՀՀ քաղաքացիներն անտարբեր են տեղի ունեցող զարգացումներին:  Ըստ նրա՝ հանրությունը շատ լարված վիճակում է ու համապատասխան առաջարկի դեպքում համապատասխան քայլեր է անելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031