Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով կաթի գների մասին հարցին, ասաց, որ կաթի գները նախանցած տարվա կաթի գներից ավելի էժան չեն։ Պատգամավոր Նարեկ Գրիգորյանի դիտարկմանն ի պատասխան, որ, օրինակ Գեղարքունիքի մարզում «խելացի անասնագոմը» այնքան էլ արդյունավետ չէ, քանի տարվա մեջ մասը ցուրտ է, Վահան Քերոբյանն արձագանքեց․ «Խոշոր եղջերավոր անասունների համար ինչքան ցուրտ, էնքան լավ։ Եվ այսօր մինուս 20-ը շատ ավելի լավ ջերմաստիճան է, քան պլյուս 25-ը կամ 20-ը։ Ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզում խոշոր եղջերավոր անասնապահությունը զարգացած, որովհետեւ այնտեղ ցուրտ է, եւ հարմար բնակլիմայական պայմաններ են՝ այդպիսի արտադրանք արտադրելու համար»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը զարմացավ․ «Մինչեւ հիմա ես գիտեի, որ մինուս 20-ին եղջերուներն են իրենց լավ զգում, հյուսիսային եղջերուները։ Հիմա պարզվում է, որ կովերն էլ են իրենց լավ զգում մինուս 20-ի պարագայում»։
Միջամտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ասաց․ «2018 թվականին, երբ արդեն ես վարչապետ էի, մի քննարկում ունեցա Հայաստանում գործունեություն ծավալող ամենահեղինակավոր գյուղոլորտի կազմակերպության հետ։ Եվ այդ նույն խոսակցությունը եղել է այնտեղ, մենք քննարկում էինք խելացի անասնագոմերի ծրագիրը։ Եվ երբ ես բարձրացրի այդ հարցը՝ բա գոմերի տաքացման խնդիրը ո՞նց ա լուծվելու, փորձագետներն ասացին՝ ի՞նչ գոմերի տաքացման թեմա։ Ուրեմն աշխարհում որտեղ կա կով, որը բնական միջավայրից անմիջապես չի սատկում, գոմ տաքացնել հասկացություն գոյություն չունի։ 21-րդ դարում աշխարհում չկա որեւէ անասնագոմ, որը տաքացվում է, սա ես ձեզ երաշխավարում եմ»։
Կարդացեք նաև
Փաշինյանը հավելեց․ «Եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն ինքը կով չի։ Ավելին ասեմ՝ էն կովը, որը օրը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով ինքը կով չի։ Օրը 10 լիտր կաթ տվող կովն ինքը տնտեսապես վնասաբեր է։ Ասեք բոլորին անջատեն էդ գոմերի ջեռուցումները, հարգելիներս, ավելորդ հոսանքի փող են տալիս, դրա համար կաթի ինքնարժեքը բարձրանում է։ Գոմը չեն տաքացնում, որովհետեւ խոշոր եղջերավորների ջերմությունը բավարար է, որպեսզի իրենք իրենց տաքացնեն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Եթե վարչապետը պատերազմադիմացկուն չէ և օրը 10 անգամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին է ակնարկում, ապա նա վարչապետ չէ։