Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոռոգման ոլորտում բարդ եւ ծանր իրավիճակ է, Սեւանից լրացուցիչ ջրառի կարիք կլինի»․ Գնել Սանոսյան

Մայիս 24,2023 23:13

Հաշվարկները ցույց են տալիս, որ Սեւանից լրացուցիչ ջրառի կարիք կառաջանա այս տարի։ Այս մասին Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Կա լավ լուր եւ վատ լուր։ Լավ լուրը Կապսի ջրամբարի հետ է կապված։ Բավական երկար չարչարանքից, աշխատանքից հետո հասել ենք այն փուլին, որ ջրամբարի շինարարության մեկնարկը տրվեց, մոտ երեք տարի է տեւում այդ հատվածի կառուցումը, բայց մենք զուգահեռ քննարկում ենք ջրամբարի պատվարը կառուցել՝ 25 մլն-ի փոխարեն ունենալ 60 մլն խմ տարողությամբ ջրամբար եւ նաեւ կառուցել այդ ջրամբարից ոռոգման բավական երկար համակարգ, որը մի շարք հավելյալ տարածքներ ոռոգելի կդարձնի։

Ինչ վերաբերում է այս տարվա ոռոգման սեզոնի վիճակին, իսկապես բավական բարդ եւ ծանր իրավիճակ է ստեղծված։ Հատկապես այն խոշոր ոռոգման համակարգերը, ջրամբարները, որոնք սնուցում են մեր համակարգը, բավական ջրի պակաս կա։ Այսօր առավոտվա դրությամբ այդ պակասն արդեն 250 մլն մետր խմ-ի է հասնում։ Եվ ցավալի է, որ դրա հիմնական բաժինը Ախուրյանի, Ազատի, Ապարանի, Մարմարիկի ջրամբարներինն է։ Գետերում նույնպես առկա ջրի քանակը բավական քիչ է։ Կփորձենք կառավարել, բայց ցավալի է, որ այս պահի հաշվարկները ցույց են տալիս, որ կարիք կունենանք Սեւանից լրացուցիչ ջուր վերցնելու։ Հավանաբար ձեզ այդ խնդրանքով կդիմենք, դեռ հաշվարկներ են արվում, թե ինչ կարիքի անհրաժեշտության մասին կարող է խոսք գնալ»,- ասաց նախարարը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031