Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը սպասում է քննիչի հրավերին․ մանրամասնում է փաստաբանը

Մայիս 24,2023 22:50

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում միջադեպ էր տեղի ունեցել ՔՊ-ականների մասնակցությամբ․ գործարար Մարտին Թորոյանը կասկածվում է իր տունը վերանորոգող արհեստավորի՝ 50-ամյա Հ․ Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու մեջ։

Ըստ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրության, 35-ամյա տղամարդը շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին:

Այնուհետ, ըստ Քննչական կոմիտեի, «շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»:

Մարտին Թորոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։

Որպես միջադեպի մասնակից՝ շրջանառվում է նաև Մարտին Թորոյանի մոտ ընկերոջ՝ Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի անունը։ Մեզ տեղեկացրել էին, որ նա գտնվում է փախուստի մեջ։

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը, որը պաշտպանում է թե՛ Մարտին Թորոյանի և թե՛ Երվանդ Խանամիրյանի շահերը, Aravot.am-ին փոխանցեց, որ Խանամիրյանը փախուստի մեջ չի գտնվում, ավելին, դիմում է հասցեագրել քննիչին և սպասում է նրա հրավերին։ Նրա տունը ևս խուզարկվել է։

«Պաշտոնական հաղորդագրության մեջ նկարագրվածը, որ 50-ամյա տղամարդուն իբր թե շան բուն են գցել, ծեծել, մեկ աղբյուրից ստացված տեղեկատվություն է, այսինքն՝ նախաքննական մարմինը հենվել է միայն տուժողի ասածի վրա, մինչդեռ մեր կողմից քննիչին ներկայացվել է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվություն, որը հերքում է հաղորդագրության մեջ տարածվածը»,-ասում է փաստաբանը։

Ըստ նրա, ատրճանակ չի հայտնաբերվել, սակայն նախաքննական մարմինը տարածում է, թե իր պաշտպանյալը ապօրինի հրազեն է ձեռք բերել և օգտագործել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031