Առաջին եռամսյակում 12․1 տոկոս ՀՆԱ-ի աճ է արձանագրվել, Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա շատ ֆունդամենտալ արձանագրում է։ Ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների պատմական ռեկորդ է եղել՝ 297 մլրդ դրամ բյուջե մուտք է արվել։ Հայաստանի պատմության մեջ երբեք 297 մլրդ դրամ բյուջե մի ամսում մուտք չի եղել։ Ապրիլին ամփոփված տվյալներով՝ 2019 թվականի 4 ամսվա նկատմամբ մենք ունենք զբոսաշրջության 33․3 տոկոս աճ։ Այս տարվա չորս ամիսներին 2019 թվականի հունվար-ապրիլի համեմատ 158 հազար ավել զբոսաշրջիկ է այցելել Հայաստան»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն այս ցուցանիշները վերագրեց իր կառավարության վարած քաղաքականությանը։ «Իմ կարծիքով՝ մեր տնտեսությունը հենց խաղաղության օրակարգին է արձագանքում։ Ես ուրիշ բացատրություն չունեմ։ Ես էլի եմ ասում՝ երկրում 55 հազար բնակարան է կառուցվել, դուք պատկերացնո՞ւմ եք էդ ինչ թիվ է։ Ես ուրախությամբ արձանագրեցի, որ այս տարի առաջին չորս ամիսներին ծնելիության աճ ունենք, մոտ 1400 աճ ունենք։ Սա ինչի՞ մասին է վկայում, սա նշանակում է, որ մարդիկ կառավարության խաղաղության օրակարգը լուրջ են ընդունել։ Եվ մենք շնորհակալ ենք դրա համար նրանց, տնտեսությունն էլ է լուրջ ընդունել, ես ամեն շաբաթ հարկ վճարողներին որտեղ առիթ է լինում, շնորհակալություն եմ ասում։ Այո, խաղաղության օրակարգն իմաստ ունի եւ կունենա, եթե դա զարգացման օրակարգ է, խաղաղության օրակարգը չի կարող լինել թշվառության օրակարգ, աղքատության օրակարգ, գործազրկության օրակարգ»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ դրական դինամիկա կա նաեւ ներդրումների ոլորտում։ «Եվ ուրիշ բացատրություն չկա՝ սա տնտեսության, քաղաքացիների վերաբերմունքն է խաղաղության օրակարգին։ Նրանք պարզապես լուրջ են վերաբերվում խաղաղության օրակարգին»,- ընդգծեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ