«Պաշտպանության նախարարությունն այդ ապատեղեկատվությունը հերքել է եւ նշել է, որ մեր սպառազինության մեջ տվյալ երկրի արտադրության զինատեսակ գոյություն չունի»,- Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական բանակը կիրառում է իրանական ԱԹՍ-ներ։
«Այս ապատեղեկատվությունը շարունակությունն է հայտնի ՍՈւ-30-երի մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ հայկական զինված ուժերին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի։ Որպեսզի ավելի պարզ դառնա, ադրբեջանական կողմն ինքն իրեն հերքել է։ Ես կուզենամ հրավիրել բոլորի ուշադրությունն այն հանգամանքին, որ երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը նախապատրաստական ապատեղեկատվություն այպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ։
Այնուհետեւ իրենք իսկ իրենց հերքելով՝ հաջորդ օրն ի լուր ամբողջ աշխարհի ներկայացրեցին, որ իրենց տարածքում հայտնաբերել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ։ Բայց, հավանաբար կտրվելով սեփական տեղեկատվական լրահոսից, արդեն հաջորդ օրն այդ ԱԹՍ-ները դարձան ֆրանսիական, եւ իբր այդ ԱԹՍ-ներն օգտագործում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով։ Սա ապատեղեկատվություն է, հերթական անգամ ես պաշտոնապես հերքում եմ»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ