Օրերս Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել Թեմական պատգամավորական տարեկան ժողովը,որը նախագահել է թեմակալ առաջնորդ Գրշ. Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը: Քննարկվել են ներթեմական տարատեսակ հարցեր, ձեռք բերվել տարբեր ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածություններ։
Հիշեցնենք, որ 2013 թվականին Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ Սրբազան հայրը ծառայության էր նշանակվել Բրազիլիայի Հայոց Թեմում՝ պաշտոնավորելով որպես թեմի փոխառաջնորդ։ Իսկ արդեն 2014 թվականի մարտի 31-ին Թեմական պատգամավորական ժողովի ժամանակ Նարեկ վրդ. Բերբերյանը ընտրվել էր Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ։
Նույն թվականի նոյեմբերի 16-ին նա Վեհափառ Հայրապետի կողմից արժանացել է Եպիսկոպոսական ձեռնադրության եւ օծման։
Նրա նվիրյալ աշխատանքի շնորհիվ թեմի ներսում կատարվել են մի շարք կարևոր աշխատանքներ՝ առ այսօր տեղի են ունենում դպրաց եւ սարկավագաց դասերի պատրաստություններ, ստեղծվել է Կիրակնօրյա դպրոց, Երիտասարդաց միություն, յուրաքանչյուր կիրակի լույս է տեսնում թեմի պաշտոնական թերթը, իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր։ Նրա ղեկավարմամբ թեմապատկան Հայ Ազգային Դուրյան Վարժարանի սաներից կազմվել է «Երիտասարդաց ձայն» մանկապատանեկան երգչախումբը, որն արդեն իր ելույթներով հանդիսատեսին կարողացել է հրամցնել հայ մշակույթի բացառիկությունը։
Կարդացեք նաև
Ընթացքի մեջ է նաև սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» աղոթագրքի պորտուգալերեն թարգամանությունը, որը մոտակա ամիսներին լույս կտեսնի։
Թեմի Տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ 2023 թ. ընթացքում թեմում կատարվող ծրագրերը կենտրոնանալու են թեմի հաստատման 40-ամյակի եւ թեմապատկան Հայ Ազգային Դուրյան Վարժարանի 95-րդ տարեդարձի նշանավորմանը։ 1983 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հարավային Ամերիկայի Հայրապետական պատվիրակությունը բաժանվել է երեք առանձին՝ Արգենտինայի, Ուրուգվայի եւ Բրազիլիայի հայոց թեմերի:
Բրազիլահայոց համայնքի կողմից վայելելով մեծ վստահություն, սեր եւ հարգանք՝ Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում ժողովականները Գրշ. Տ. Նարեկ եպս. Բերբերյանին միաձայն վերընտրեցին Բրազիլիայի Հայոց Թեմի առաջիկա չորս տարիների առաջնորդ։
Շնորհավորում ենք Սրբազանին՝ մաղթելով ուժ եւ կորով՝ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ի բարօրություն Հայաստան եւ Արցախ աշխարհի։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ