Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ բանակցային գործընթացին։
«Գաղտնիք չէ, որ քննարկվում է խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիրը, ըստ այդմ՝ կա նախագիծ, նախագծում կան մի շարք հոդվածներ։ Խաղաղության պայմանագրի նախագծում չկան երկրորդական կամ անկարեւոր հոդվածներ, ամեն ինչն էլ կարեւոր է։ Բայց եթե շատ պայմանական խմբավորենք հոդվածները, կարող ենք ասել, որ մի մասը կենսական հարցերին են վերաբերում, մյուս մասն ավելի լրացնող, փոխլրացնող կամ գլխավոր պայմանավորվածություններից բխող ածանցյալ պայմանավորվածություններ են։ Եվ ահա այս երկրորդ խմբի մասով ավելի հեշտ է փոխըմբռնման ու փոխհամաձայնության գալ։ Մի քանի հոդվածների շուրջ արդեն իսկ հնարավոր եղել էր մինչեւ վաշինգտոնյան բանակցությունների փուլը համաձայնության գալ, վաշինգտոնյան բանակցություններում եւս երկու հոդված ավելացան այդ համաձայնեցված հոդվածների թվին։ Մեծ հաշվով վերջնականորեն ոչինչ համաձայնեցված է, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»,- ասաց նա։
Ըստ Միրզոյանի՝ կամ հարցերի երրորդ խումբը, որն ամենակենսական ու ամենաէական խնդիրներին է վերաբերում։ «Այստեղ, ցավոք, կողմերը դեռ բավական հեռու են համաձայնության գալուց։ Բայց պետք է ասեմ, որ վերջին երեք փուլ բանակցությունները գոնե ինձ զգուշավոր լավատեսության հիմք են տալիս։ Նույնիսկ ամենաէական խնդիրների շուրջ տեղի են ունեցել շատ ավելի խորը, հանգամանալից, միմյանց հասկանալու մթնոլորտում քննարկումներ, ինչն ինձ զգուշավոր լավատեսության հիմք տալիս է»,- ասաց նա։
Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարցին, թե որո՞նք են ՀՀ կարմիր գծերը։ «Վարչապետը խոսեց 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության մասին, սա, անշուշտ, կարմիր գիծ է։ ՀՀ սահմանների եւ դրանց ճանաչման կոնտեքստում առավելագույն հնարավոր որոշակիությունը մեզ համար կարմիր գիծ է։ Իհարկե, մենք չենք պատկերացնում, որ հնարավոր է եւ ընդհանրապես իրատեսական է վերջնական կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ունենալ երկարատեւ խաղաղություն Հարավային Կովկասում, եթե Լեռնային Ղարաբաղի հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը, չհասցեագրվեն նրանց անվտանգության, բոլոր իրավունքների երաշխավորման խնդիրները»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ