Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։ «Խորհրդարանի այս հատվածում նստած մեր գործընկերները երկար ժամանակ տանում են, որ նոյեմբերին պատերազմի ժամանակ այդ բանակցությունների ընթացքում ես միջանցք եմ խոստացել, չեմ տալիս այդ միջանցքը, դրա համար են այս բոլոր խժդժությունները, էսկալացիաները։ Ես անում եմ պատասխանատու հայտարարություն՝ ի լուր ամբողջ աշխարհի, ես կարող եմ ապացուցել, երդվյալ ատենակալների ֆորմատով կարող եմ ապացուցել, որ երբեք որեւէ մեկին Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք ոչ խոստացել եմ, ոչ էլ թույլ եմ տվել, որ տպավորություն ստեղծել, որ նման բան կարող է մեզ համար ընդունելի լինել։ Ես սա կարող եմ ապացուցել, չեմ ասում որպես քաղաքական հայտարարություն։ Կան նյութեր, որոնք ես իմ որոշմամբ պետք է ապագաղտնիացնեմ, բայց դե հասկանում եք, որ դա մենակ ինձ հետ կապված չէ։ Օրինակ՝ եթե մեր ընդդիմադիր գործընկերները գան եւ քննիչ հանձնաժողովում ասեն՝ չէ, դու խոստացել ես, ապացուցիր, ես մի քիչ կդիմադրեմ, բայց երբ ասեն՝ չէ որ չէ, ես իմ ձեռքով կապագաղտնիացնեմ ու կապացուցեմ»,- հայտարարեց Փաշինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ