«Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կոմունիկացիաների առանձին օրակարգ պարզապես գոյություն չունի։ Դա հարց է, որը տեղավորվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շրջանակում, որտեղ այդ թվում՝ արձանագրվում է, որ ՀՀ-ն պատրաստ է ապահովել այդ հաղորդակցությունը »,- Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորվել են փոխադարձաբար բացել տարածաշրջանային կոմունիկացիաները։ «Եվ մենք պատրաստ ենք դա անել, գիտեք այդ պատմությունը, նույնիսկ Նախիջեւանին ճանապարհ տալու համար երեք անցակետերի պատմությունը, եւ այլն։ Հաջորդը, կա նոր ենթակառուցվածքների գաղափար, խնդիր։ Հայաստանը նման պարտավորություն չունի, Հայաստանը պատրաստ է դիտարկել այդ տարբերակը եւս։ Այսինքն՝ եթե Հայաստանը համաձայնի, այդ տարբերակը նույնպես կդիտարկվի։ Ո՞ր դեպքում Հայաստանը կհամաձայնի, երբ որ տեսնի, որ դա տարածաշրջանի ինտեգրման, խաղաղության, փոխշահավետության ֆոն է ստեղծում, եւ իսկապես դրանով Հայաստանը հաղթահարում է շրջափակումը։ Մեր դիրքորոշումն է, որ այդ ճանապարհները պետք է գործեն սուվերենության եւ իրավազորության ներքո՝ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում հիշատակվող ճանապարհների մասին է։ Եվ այնտեղ ոչ միայն Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի կապի խնդիր կա, այլեւ Հայաստանի հյուսիսային եւ հարավային հատվածներն իրար կապող երկաթուղին գործարկելու խնդիր կա։ Հայաստանի հյուսիսային հատվածը հարավային հատվածին միացնող միակ երկաթուղին անցնում է Նախիջեւանի տարածքով։ Մեղրին ու Այրումն իրար կապող բոլոր հնարավոր երկաթուղիներն անցնում են Ադրբեջանի տարածքով»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ քաղաքական մակարդակում պայմանավորվել են, հիմա ժամանակն է, որ իրավական ձեւակերպումը ստորագրեն։ «Երբ այդ փուլը եկավ իրավական ձեւակերպումը տալու եւ ստորագրելու, Ադրբեջանը չգիտեմ ինչու հրաժարվեց այդ ստորագրությունից, չստորագրեց։ Ես ասացի, որ ստորագրում եմ, Ադրբեջանը չստորագրեց»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ