Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալմա-Աթիի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լեւոն Տեր- Պետրոսյանը»․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ՀԱԿ-ին

Մայիս 24,2023 18:55

Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը։

«Ես կարծում եմ, որ հատկապես մեր ժամանակաշրջանում հերոսականությունն ամենամեծ պրոբլեմն է, որը մենք կարող ենք ունենալ։ Խնդրում եմ չշփոթել հերոսությունը հերոսականության հետ, սա շատ կարեւոր նրբություն է, որովհետեւ այս ճակատագրական շրջանում այն մրցավազքը, թե ով է ավելի հայրենասեր եւ ով է ավելի հաղթական, կարա շատ մեծ պրոբլեմներ առաջացնի»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Նույն այդ Ալմա-Աթիի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լեւոն Տեր Պետրոսյանը։ Եվ այդ հռչակագիրն ունի մի իմաստ, որ երկրներն ընդունում են, որ գոյություն ունեցող ադիմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմանները։ Եվ ընդունում են այդ սահմանների անխախտելիությունը։ Սա Լեւոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել եւ այն խորհրդարանը, որտեղ Տեր-Պետրոսյանը մեծամասնություն է ունեցել։

Հիշեցի, ինքն այդ ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ է եղել, նախագահ չի եղել։ Եթե ճիշտ եմ հիշում, նախ այդ հռչակագիրը վավերացվել է նաեւ խորհրդարանի կողմից, այդ ժամանակ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր են եղել նաեւ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա էլ հարցազրույց են տալիս, ասում են՝ 1995 թվին ըսենց պետք ա լիներ, 1997 թվին ընենց պետք է լիներ։ Ընկերներ, թող լիներ, ի՞նչ, հիմա պիտի ասեն՝ մենք ուզում էինք լուծել, վատ մարդիկ չթողեցի՞ն։ Այսօր մի վերնագիր կարդացի եւ այդ վերնագրի հեղինակին շատ շնորհակալ եմ, վերնագիրն այսպես էր՝ Փաշինյանը որոշել է հրաժարվել կռուտիտի քաղաքականությունից («Արցախի հարցով Փաշինյանը հրաժարվել է «կռուտիտի» մարտավարությունից» պնդումն արել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը․–խմբ): Կամ եթե իրենք անկախության համար էին պայքարում, բա 1998 թվի իշխանափոխությունը նրա համար էր, որ իրենք պարտվողական էին։ Թող ասեին՝ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, Ղարաբաղի անկախությունը ճանաչում ենք, եւ այլն»։

Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի բոլոր պայմաններին, բայց դրա դիմաց ոչինչ չի ստացել, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Էն, որ Հայաստանը ոչինչ չի ստացել, ճիշտ են ասում, որովհետեւ էն, ինչ խոսեցվել է, էդ հլա հարց է․․․ Պատկերացրեք, դուք ապրում եք մի տեղ, բայց կադաստրի վկայական չունեք։ Մենք բոլորս հասկանո՞ւմ  ենք, որ մենք մեր շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք, որի կադաստրի վկայականը չունենք։ Ընդ որում, Հայաստանը որպես պետություն, իր բազմահազարյա գոյաեւման ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել։ Եթե այն, ինչ մենք  ուզում ենք անել, ստացվի, պատմության մեջ առաջին անգամ, կստանանք կադաստրի վկայական, սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլեւ դե յուրե։ Մենք ապրում ենք մի տեղ, որ աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որ երբ ուզեն, կասեն՝ մի հատ հավաքվեք, ստեղից դուրս եկեք։ Եվ մենք էդ ժամանակ չենք կարա ասենք, մի րոպե, մեզ կասեն՝ ո՞ւր է կադաստրի վկայականը։ Այո, այս պահին մենք ոչ մի բան չենք ստացել, շանս ենք ստացել, որ ինչ-որ բան կարանք ստանանք։ Բայց մենք շարունակում ենք մնալ այդ կարգավիճակում, առանց կադաստրի վկայականի։ Ուզում ենք հաղթահարենք տնվորի մեր կարգավիճակը։ Մենք ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված եւ դելիմիտացված սահմաններով»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031