Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե չճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենք կասեն՝ Հայաստանը ոչ թե 29․8 հազար քկմ է, այլ 8 700 քկմ է»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 24,2023 18:25

Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի  ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ է Հայաստանը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինչո՞ւ է նշում կոնկրետ տարածքային չափը։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Ինչո՞ւ 86․6 հազար եւ ինչու 29․8 հազար, որովհետեւ այդտեղից գալիս է հաջորդ հարցը՝ իսկ ո՞րն է այդ տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում ենք։ Եկեք ուղիղ ասենք՝ Ադրբեջանն ունի շատ հստակ խոսույթ, ասում է՝ եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Այսինքն՝ եթե դուք չեք ճանաչում, որ Ադրբեջանը 86․6 հազար քկմ է, ուրեմն մենք էլ չենք ճանաչում, որ Հայաստանը 29․8 հազար քկմ է։ Եվ այս խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ։ Եվ երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է ՀՀ վրա, եւ միջազգային հանրության հետ մենք երկխոսություն ենք ունենում, նրանք ասում են՝ Հայաստանն էլ մեր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, ինքն էլ մեր վրա է հարձակվել կամ հարձակվում»։

Ըստ Փաշինյանի՝ մենք պետք է որոշում կայացնենք։ «Շատ լավ, մենք կարող ենք ասել, որ չենք ճանաչում Ադրբեջանի 86․6 հազար քկմ-ն, եւ մեր կարծիքով Ադրբեջանը ոչ թե 86․6 հազար քկմ է, այլ 45․7 հազար քկմ է։ Իրենք էլ կասեն՝ շատ լավ, ուրեմն մեր կարծիքով՝ Հայաստանը ոչ թե 29․8 հազար քկմ է, այլ 8 700 քկմ է։ Եվ ես, այո, այս ամբիոնից վերահաստատում եմ, որ ՀՀ-ն վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86․6 հազար քկմ-ն եւ ակնկալում է, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Ադրբեջանի 29․8 հազար քկմ-ն։ Հիմա նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86․6 հազար քկմ չէ, այլ մինուս իքս թիվ է, նրանք միեւնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29․8 հազար քկմ չէ, այլ մինուս ինչ-որ իքս թիվ է։ Թե ինչ թիվ է, էդ էլ կորոշվի նրանից, թե ՀԱՊ-ում այդ օրն ինչ տրամադրություն է տիրում»,- հավելեց Փաշինյանը։

Անդրադառնալով 1970-ական թվականների քարտեզները հիմք ընդունելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է հիմք ծառայեն 1975 թվականի Խորհրդային միության Գլխավոր շտաբի քարտեզները։ Սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլեւ միջազգային գործընկերներն էլի սկսում են այդ խոսույթը որդեգրել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    4268! Պեչկինում մի շոգեկառք այս համարն ուներ։ Այդ շոգեկառքը կանգնած էր տասնվեցերորդ գծի վրա։ Ուզում էին նորոգելու տանել Լիսայի դեպոն, բայց դա այնքան էլ հեշտ չէր, պարոն ֆելդֆեբել, որովհետև ավագ մեքենավարը, որին հանձնարարել էին շոգեկառքը քշել այնտեղ, թվերը շատ վատ էր հիշում։ Այն Ժամանակ ուղեմասի պետը նրան կանչեց իր գրասենյակը և ասաց. «Տասնվեցերորդ գծի վրա կանգնած է համար 4268 շոգեկառքը։ Ես գիտեմ, որ դուք թվերը վատ եք հիշում, իսկ եթե այդ համարը թղթի վրա գրեմ ու տամ ձեզ, ապա, մեկ է, այդ թուղթն էլ պիտի կորցնեք։ Եթե դուք թվերն այդքան վատ եք հիշում, ապա ուշադիր լսեցեք ինչ որ կասեմ։ Ես հիմա ձեզ կապացուցեմ, որ շատ հեշտ կարելի է մտքում պահել ամեն մի թիվ։ Ուրեմն, լսեցեք։ Այն շոգեկառքի համարը, որ պետք է տանել Լաբի Լիսայի դեպոն, 4268 է։ Առաջին թվանշանն է, 4, երկրորդը՝ 2։ Հիմա արդեն դուք հիշում եք 42֊ը, այսինքն երկու անգամ երկու կանի 4. դա առաջին թվանշանն է, որը երկուսի բաժանած՝ հավասար է երկուսի, և իրար կողքի ստացվում է 4 և 2։ Հիմա չվախենաք։ Ինչքա՞ն կանի երկու անգամ չորսը։ Ութ, ճի՞շտ է։ Ուրեմն, հիշեցեք, որ 4268 համարի ութնոցն ըստ հերթականության կլինի վերջին թվանաշանը։ Այն բանից հետո, երբ դուք ձեր միտը պահեցիք, որ առաջին թվանշանն է 4, երկրորդը՝ 2, չորորդը՝ 8, հարկավոր է մի կերպ հիշել այն վեցնոցը, որ գտնվում է 8-ից առաջ, իսկ դա շատ հեշտ է անել։ Առաջին թվանշանն է 4, երկրորդը՝ 2, իսկ չորսին գումարած երկու հավասար է վեցի։ Հիմա դուք արդեն հաստատ գիտեք, որ վերջից հաշված երկրորդ թվանշանը կլինի 6։ Եվ դրանից հետո թվանշանների այդ հերթականությունը այլևս երբեք չեք մոռանա։ Ձեր հիշողության մեջ ամրապնդվեց 4268 համարը։ Բայց դուք այդ բանին կարող եք հասնել ավելի հեշտ ձևով» ։
    Ֆելդֆեբելը դադարեց ծխել, աչքերը չռեց Շվեյկի վրա և միայն թոնթորաց.
    — Գլխարկը հանե՛լ:
    Շվեյկը միանգամայն լրջորեն շարունակեց.
    — Եվ նա սկսեց բացատրել շոգեկառքի 4268 համարն ավելի հեշտ մտաբերելու հնարը։ «Ութից հանած երկու կլինի վեց։ Հիմա դուք արդեն գիտեք 68֊ը, իսկ վեցից հանած երկու կլինի չորս, հիմա էլ դիտեք 4֊ը և 68֊ը, և եթե այստեղ դնեք այդ 2֊ը, ապա այդ բոլորը կանի 4 — 2 — 6 ― 8։ Այնքան էլ դժվար չէ այդ բանն անել նաև այլ կերպ, բազմապատկման և բաժանման միջոցով։ Մենք կհանգենք միևնույն արդյունքին։ Մտներդ պահեցեք, — ասաց ուղեմասի պետը, — որ երկու անգամ քառասուներկուսը հավասար է ութսունչորսի։ Տարին ունի տասներկու ամիս։ Հիմա ութսունչորսից հանեցեք տասներկու՝ կմնա յոթանասուներկու, հանեցեք այդ թվից դարձյալ տասներկու ամիս՝ կմնա վաթսուն։ Եվ այդպես, մենք ունենք մի որոշակի վեցնոց։ Իսկ զրոն ջնջում ենք։ Հիմա մենք արդեն ունենք 42 — 68 — 4։ Ջնջում ենք զրոն, ջնջում ենք նաև հետևի չորսը, և, ահա, հեշտությամբ նորից ստանում 4268, այսինքն այն շոգեկառքի համարը, որ պետք է ուղարկել Լիսայի դեպոն։ Բաժանման միջոցով էլ, ինչպես արդեն ասացի, դա շատ հեշտ է։ Հաշվում ենք կոիֆիցենտը ըստ մաքսային տարիֆի․․․» ։ Դուք ձեզ վա՞տ եք զգում, պարոն ֆելդֆեբել։ Եթե կուզեք, կսկսեմ կատարել, օրինակ, «Համազարկաին կրակ։ Պատրա՛ստ։ Նշա՛ն բռնել։ Կրա՛կ»: Գրո՛ղը տանի, պարոն կապիտանը մեզ չպետք է ուղարկեր արևի տակ պարապելու։ Վազեմ պատգարակ բերեմ։
    Եկավ բժիշկը և հավաստեց, թե առկա է կա՛մ արևահարություն, կա՛մ ուղեղի թաղանթի սուր բորբոքում։
    Երբ ֆելդֆեբելը ուշքի եկավ, նրա կողքին կանգնած էր Շվեյկը և ասում էր.
    — Հա՛, խոսքս կիսատ մնաց… Դուք կարծում եք, պարոն ֆելդֆեբել, մեքենավարը միտը պահե՞ց։ Թվերն իրար խառնեց և բոլորը բազմապատկեց երեքով, քանի որ միտն էր ընկել սուրբ երրորդությունը։ Շոգեկառքն, իհարկե, նա չգտավ։ Եվ այդպես էլ այդ շոգեկառքը մինչև հիմա կանգնած է տասնվեցերորդ գծի վրա։
    Ֆելդֆեբելը նորից աչքերը փակեց։

    Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031