Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հատվում են թթենիներ, դրանք խանգարում են MAN ավտոբուսների երթևեկությանը

Մայիս 24,2023 18:12

Երևանի հատուկ ծառատեսակների նկատմամբ Երևանի քաղաքապետարանն ինչո՞ւ է սպանդ սկսել. Aravot.am-ի այս հարցադրման հետ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը չհամաձայնեց:

Տեղեկացնենք, որ մամուլում տեղեկություն տարածվեց, որ հատվել են Աբովյան փողոցից դեպի Երիտասարդական պալատ ընկած հատվածում վեր խոյացող թթենիները, կտրվել են 10-ից ավելի ծառեր:

Արծվի Գրիգորյան

«Ես ձեր հարցադրմանը համաձայն չեմ, դա ոչ սպանդ է, ոչ էլ Երևանին հատուկ ծառեր են: Նախ` մենք գրություն էինք ստացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից, որ ծառեր կան, որ խանգարում են երթևեկությանը՝ խոսքը նոր MAN ավտոբուսների մասին է, գնացել ենք Սարալանջի այդ հատվածը տեղազննել ենք և այնտեղ ծառահատման տոմսեր ենք կազմել: Բոլոր հատված ծառերը սերտաճած են, այսինքն` հատուկ բնապահպանության վարչության, տեսչական մարմնի կողմից որոշում կա, որ սերտաճած ծառերը պետք է վերացվեն, որովհետև արմատները քայքայում են և այլն: Բոլոր այդ ծառերը սերտաճած են եղել պատին: Ունեցել ենք գրություն, որ դրանք ավտոբուսների շարժին խանգարում են, մենք էլ, նաև ես, գնացել՝ տեսել ենք, կազմել ենք ծառահատման տոմսերը, որոնցով Սարալանջը եզրագծին սերտաճած մեկ մանրատերև թեղի, մեկ թթենի, մեկ բարձրաբուն այլանք, մնացածը՝ ավելի մանր սերտաճ բներ են եղել, մի հատ էլ ձեր նշած 10 թթենու շարքում՝ մի, թե երկու թթենի է եղել, այն էլ սերտաճ»,-ասաց նա և հավաստիացրեց, որ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է եղել:

Գլխավոր դենդրոլոգը թեպետ մարդկանց հետ համաձայն է, որ ցանկացած ծառ թթվածին է արտադրում, բայց կոնկրետ այս ծառերն, ըստ նրա՝ իրենց տեղում չէին, դրանց արմատները պատերը քայքայում էին և բացառված չէ, որ որոշ ժամանակ անց պատերը խարխլեն:

Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ են այս տարի հատումները՝ թեկուզ սանիտարական, կատարվում այն ժամանակ, երբ ծառերը կանաչած են՝ Արծվի Գրիգորյանն այսպես արձագանքեց․ «Չի բացառվում, որ այսպես խնդրահարույց հարցերի, վտանգի, տապալման ենթակա, սերտաճման դեպքերում, անմիջապես հատվեն: Նախ, Սարալանջի գեղազարդությունը լրիվ կորցրած, խախտված էր, համաձայն եմ մի քանի ծառ, էդ փոքր ծառերը կամ ծառահատման տոմսերը… ի՞նչ անենք մենք, ասենք՝ թող ավտոբուսը մնա, մինչև աշունը գա՝ հետո՞ անենք, դա էլ է սխալ։ Մի ուղղությամբ չպետք է մտածենք ու իրականացնենք այդ աշխատանքները»:

Հիշեցնենք, որ օրերս, քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը տպավորվել էր MAN մակնիշի ավտոբուսի վթարից:

Քրիստինա Վարդանյան

Խնդրի վերաբերյալ Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս, դոցենտ Քրիստինա Վարդանյանն ասաց. «Ես շատ բացասական եմ վերաբերվում թթենիների հատմանը, քանզի այն մեր շոգ ու աղտոտված օդային ավազանի համար շատ լավ բույս է։ Իրանում էի մոտ օրերս, քաղաքներում հիմնական ծառատեսակներից մեկն էր, հացենու ու թեղու հետ միասին։ Եվս մեկ կարևոր հարց, մենք քաղաքում մենակ չենք, նույն թթենու պտուղները թռչուններն են ուտում։ Մի խոսքով… Երևանում՝ հիգիենիկ տեսանկյունից, պետք է արգելվի ցանկացած հատում, բացառությամբ վթարային ծառերի» :

Ինգա Զարաֆյան

Բնապահպան Ինգա Զառաֆյանն էլ չցանկացավ կոնկրետ այս դեպքից խոսել, քանի որ ինքն անձամբ դեռևս չէր տեսել այս հատված ծառերը, բայց խոսեց, առհասարակ ծառահատումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի ոչ իրազեկ գործելաոճի մասին: «Քաղաքապետարանը չունի ստույգ հիմնավորված մոտեցում ծառահատումների վերաբերյալ: Մի դեպքում ասում են, թե կտրում են ծերացած, հիվանդ ծառերը, մեկ այլ դեպքում, իբրև թե՝ կտրում են քաղաքի տեսքը խաթարող ծառերը, սա առհասարակ շատ անհասկանալի բացատրություն է, քանի որ դրանք առաջացել են հենց քաղաքապետարանի խորը էտման հետևանքով, հիմա էլ բոլորովին այլ մոտեցում են ցուցաբերում: Թող նրանք նախ որոշեն՝ ինչ մոտեցում են որդեգրում»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ «Հրապարակ»–ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031