Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ անկլավների թեմային։ Նա նշեց, որ անկլավների թեման քաղաքական մակարդակում գոյություն է ունեցել միշտ եւ շատ վաղուց։ 1999 թվականի տարածքների փոխանակման փաստաթղթի մեջ մեկ հոդված նվիրված է Հայաստանի եւ Ադրբեջանի անկլավներին։
«Հարցը քաղաքական կողմ ունի եւ իրավական կողմ ունի։ Քաղաքական մակարդակում Մյունխենում ու Բրյուսելում եղել է հետեւյալ խոսակցությունը՝ մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը։ Այսինքն՝ կա Արծվաշեն, որը պատկանել է Հայաստանի Հանրապետությանը, եւ անկլավներ, որոնք հիմա Հայաստանի տարածքում են, որոնք պատկանել են Ադրբեջանին։ Այո, քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք։ Եվ ես ասել եմ, որ իրավական մակարդակում մենք լրացուցիչ հարցեր ունենք առնվազն դրանցից մի քանիսի հետ կապված։ Հիմա այս արձանագրումից հետո, մանավանդ, երբ մենք արձանագրում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29․8 հազար եւ 86․6 հազար քկմ տարածքային ամբողջականությունները, հարց է ծագում, երբ որ դե յուրե հաստատվի իրենց կարգավիճակը, ո՞նց ենք էս հարցը լուծելու։ Լուծելու երկու տարբերակ կա, տարբերակ մեկ՝ որը սահմանից այն կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է գտնվում, մնում է սահմանից այս կողմ գտնվող երկրի տարածքում։ Կամ եթե երկրներից մեկը չի ուզում, դա էլ է հարց։ Պատկերացնո՞ւմ եք, մենք գնանք ասենք՝ Արծվաշենը չենք ուզում, էն մյուսները մնան մեր տարածքում, բայց այստեղ էլ իրավական հարցեր կան, նրբություններ կան, որոնք պարզ չեն։ Եթե գնանք ասենք՝ Արծվաշենը չենք ուզում, կարող է պարզվի` ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել, ո՞վ կարող է»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ սա այն հարցն է, որի քննարկումներում ճկունության մեծ տեղ կա։ Նա ասաց, որ դեռ որեւէ բան որոշված չէ, թեմայի վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա, երբ կլինի պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, այդ մասին հանրությանը կտեղեկացնեն։
Նա պատմեց, որ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ կանգառ է ունեցել Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղում։ «Այնտեղի գյուղացիները հարց տվեցին, ես ասացի՝ երբ կոնկրետ բան լինի, ես կգամ, ձեզ հետ կխոսեմ։ Այս վերջերս, երբ գնացել էին Նոյեմբերյան խոշորացված համայնք, մեր ծրագրում Ոսկեպար գյուղը չկար, բայց ասացի՝ եկեք ճանապարհին մտնենք Ոսկեպար գյուղ, գնանք գյուղամեջ։ Ես իջա, այդ մարդկանց հետ զրուցեցի, քննարկեցի, հարցերից մեկը դա էր։ Ես այդ մարդկանց ասացի՝ հիմա եկել եմ ասել, որ այդ թեմայով կոնկրետություն չկա, բայց տարբերակները սրանք են, երբ կտեսնեմ որ տարբերակն է իրատեսական․․․ Ոսկեպարը ամենաշահառու համայնքներից մեկն է այդ խնդրի, եւ ճանապարհի մասով է շահառու, եւ անկլավներից մեկը գտնվում է իր հարեւանությամբ։ Այս վերջերս մեր կուսակցական ֆորմատով քննարկմանը մեր կուսակցական ընկերներն էլ այդ հարցը բարձրացրին, ասացի, որ տարբերակներից որեւէ մեկը կարող է լինել։ Ես իրենց նաեւ ասացի՝ եկեք այդ հարցի հոգեբանական բանը փոխենք, եկեք հասկանանք՝ մենք խոսում ենք պատերազմի մասին, թե՞ խոսում ենք խաղաղության մասին։ Եթե իրոք խոսում ենք խաղաղության մասին, դա տեխնիկական կազմակերպչական հարց է, որը մեծ ռազմավարական խորք չունի։ Եթե մենք խոսում ենք պատերազմի մասին, դա շատ սուր հարց է։ Մենք բոլոր մարտահրավերները գիտենք, ճանապարհից են խոսում, հասանելիությունից են խոսում, մենք այդ բոլոր ճանապարհներն էլ գիտենք, դրանց այլընտրանքներն էլ գիտենք, լուծումներն էլ գիտենք։ Հարցը հետեւյալում է՝ մենք այդ հարցը դիտում ենք խաղաղության մեջ, թե՞ պատերազմի մեջ։ Եթե խաղաղության մեջ, հարցն այդքան ծանր չէ, եթե պատերազմի մեջ, դա շատ ծանր հարց է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ