Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ վերջին զանգի դրամահավաքության ու դպրոցներում թմրանյութերի շրջանառության մասին

Մայիս 24,2023 17:40

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։

Թե՛ մարզպետը, և թե՛ Շիրակի մարզպետարանի կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Գևորգ Ղումաշյանը մի քանի ուշագրավ տեղեկություններ հաղորդեցին։

Մուշեղ Մուրադյանը տեղեկացրեց, որ Շիրակի մարզն այս տարի 57 ոսկե մեդալի հավակնորդ ունի։

«Ես ուրախ եմ փաստելու, որ Շիրակը մնում է առաջատարներից կրթական ձեռքբերումների առումով, խոսքս թե՛ մեդալակիրների մասին է՝ այս տարի 57 ոսկե մեդալի հավակնորդ ունենք, թե՛ առարկայական օլիմպիադաներում ունեցած ձեռքբերումների։

Երեկ ընդունել եմ առարկայական օլիմպիադաներում դիպլոմներ ու մրցանակային տեղեր գրաված աշակերտներին, ասեմ` առանձնակի տպավորված եմ։ Հպարտանալու առիթ կա, երբ նման գրագետ երեխաներ ունենք։ Անդրադառնալով կրթության բնագավառում առկա հիմնախնդիրներին՝ նշեմ, որ դրանց լուծման համար կարևոր նախապայման պետք է լինի դպրոցներում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը։ Անձնական ու այլ շահերի բախումները, տարբեր չհիմնավորված հարաբերությունների պարզաբանումները պետք է բացառվեն։ Այս հարցում խիստ եմ լինելու»,-ասաց մարզպետը։

Գևորգ Ղումաշյանն էլ նշեց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման ցուցանիշներով Շիրակի մարզն առաջատար է։ Պարտադիր ատեստավորում անցել է 1124 ուսուցիչ, կամավոր ատեստավորում՝ 137։

Նա նաև հպարտությամբ փաստեց, որ Շիրակի մարզի մի քանի գյուղական բնակավայրերի դպրոցներում՝ մասնավորապես հեռավոր Ջրափիում, Սառնաղբյուրում աշակերտները բուհ են ընդունվում առանց կրկուսույցների մոտ պարապելու։

Խոսվեց նաև խնդիրներից, դրանցից մեկը որոշ դպրոցներում ֆիզիկայի և աշխարհագրության հեռավար դասերի կազմակերպումն է։

Նա ուսուցիչներին հորդորեց ոգևորել իրենց աշակերտներին՝ այս մասնագիտությունները ընտրելու։

Լրագրողները մարզպետից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են կատարում վերջին զանգի դրամահավաքությանը վերջ դնելու համար։

Նա նշեց, թե 1-2 դիմում հասցեագրվել է նաև Շիրակի մարզպետարան, հանձնաժողով են ձևավորել և ուղարկել են ուսումնասիրման։ Հանդիպումներ են ունեցել նաև ծնողական խորհուրդների հետ, ու թեև, ըստ մարզպետի, խոսակցություններ պտտվում են, բայց դրանք հիմնավորված չեն։

Մուշեղ Մուրադյանի ասելով՝ մշտապես կոչ է անում բացառել նման երևույթները։ Նա ասաց, որ վերջին զանգը Շիրակի մարզում չի լինելու մեծ տոնախմբություններով։

Մարզպետին հարց հղվեց նաև դպրոցներում թմրանյութերի շրջանառման մասին պտտվող խոսակցությունների մասին։

Մուշեղ Մուրադյանը ասաց․ «Վստահաբար ասում եմ, որ մեր մարզում մինչ այս պահը դեպքեր չեն արձանագրվել, մենք չունենք հիմնավորված փաստեր, ընդամենը խոսակցությունների մակարդակով են»։

Ըստ նրա, իրենք մշտապես հետաքրքրվում են դպրոցների բարոյահոգեբանական վիճակով, աշակերտների պահվածքով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031