Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Կնյազ Հասանովը հնչեցրեց հարցը, որ «Վայլդբերիսը» էժան ապրանքներով վնաս է հասցնում տեղական արտադրողին։ Նա նշեց, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից կան դժգոհություններ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ի պատասխան ասաց․ «Այն ընկերությունները, որոնց մասին խոսում եք, ըստ էության դրանք դեռեւս հարկային առումով Թուրքիայից եւ Չինաստանից ներկրումների առումով ոչ այնքան թափանցիկ ընկերություններ են։ Այսօր, եթե խոսենք անարդարության մասին, պետք է ասենք, որ դա ավելի շատ ձեր նշած տնտեսավարողներին է վերաբերում։ Այս հարցը բազմիցս քննարկվել է, մեր տեսակետն այն է, որ այստեղ գործ ունենք ազատ շուկայական հարաբերությունների հետ, եւ այստեղ կարգավորման լրացուցիչ անհրաժեշտություն չկա։ Այն ընկերությունները, ովքեր ոչ արդյունավետ եղանակով են աշխատում, դրանք պետք է իրենց տեղը զիջեն այն ընկերություններին, ովքեր ավելի նոր տեխնոլոգիաներով, ավելի բարձր արտադրողականությամբ են կարողանում աշխատել։ Մենք արդեն արել ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այսինքն՝ ապահովել ենք «Վայլդբերիսի» եւ նման ընկերությունների համար Հայաստանում հարկերը վճարելու պարտավորություն։ Եվ դրանով մեր առաքելությունն այս առումով համարում ենք ամբողջական ավարտված»,- ասաց նա։
Քերոբյանը հավելեց, որ եթե մարդը զբաղվում է բիզնեսով, պետք է ունենա հաշվարկներ, բիզնես պլան, դիտարկել մրցակցությունը, հասկանալ, որ աշխարհը փոխվում է։ «Քանի որ մյուս կողմից էլ՝ մեզ մոտ տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր կան, ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր բիզնեսում իրենց տեղը չեն կարողանում գտնել, հանգիստ կարող են իրենց տեղը գտնել որպես վարձու աշխատող»
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ