Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ տոննա կոկաինի հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող»․ Փաշինյան

Մայիս 24,2023 17:03

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մեկ տոննա կոկաինի հայտնաբերման գործին։ 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց․ «Թեեւ քրեական գործի նախաքննության գաղտնիության պահպանման սկզբունքների առկայության պայմաններում հրապարակումներ չեն լինում, բայց այսօր տեղիք են տալիս որոշակի խոսակցությունների։ Օրինակ՝ երեկ մեր ընդդիմության կողմից կարծիք հնչեցվեց, որ այդպիսի հանցավոր արարքների հեղինակները հնարավոր է, որ հովանավորչության տակ գտնվեն կառավարության կամ քաղաքական թիմի անդամների կողմից։ Կուզեի պատասխաներ ՀՀ վարչապետը՝ պարոն վարչապետ, ի՞նչ նոր զարգացումներ կան եւ ի՞նչ վերլուծություններ ունեք»։

Question and answer session between the members of the RA National Assembly and the RA Government took place at the RA NA

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ արտառոց դեպք է։ «Բայց այսօր ոչ թե վերլուծություն, այլ տեղեկություն կարող եմ ներկայացնել, որովհետև այդ գործով ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը։ Այդ կոկաինը՝ մեկ տոննա, կարծես թե հասցեատերը բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող, եթե չեմ սխալվում՝ ՀՀԿ խմբակցության անդամ։ Բայց նաեւ չեմ կարող որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել։ Ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում շատ մեծ ծավալների է հասել, ընդ որում, կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ»,- ասաց նա։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե գործին պաշտոնատար անձինք առնչվո՞ւմ են։ «Պաշտոնատար անձինք հասկացությունը շատ լայն հասկացություն է, Հայաստանում հազարավոր պաշտոնատար անձինք կան։ Եվ եթե մենք պաշտոնատար անձանց նկատմամբ անաղարտության կանխավարկածով առաջնորդվենք, հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում այդքան խորը քայլեր չէինք ձեռնարկի։ Այդ քայլերը հենց դրանից ելնելով են, որ պաշտոնյան ավելի հեշտ ու արագ կտրվի գայթակղություններին՝ ինչ-որ բան անել։ Այս թեմայով քննարկման մեջ հետեւյալ հարցը կա՝ եթե մենք սկսում ենք շատ թմրանյութեր բացահայտել, դա լա՞վ է, թե՞ վատ։ Դա լատենտային հանցագործություն է համարվում։ Ենթադրենք չկա բացահայտում, իշխանությունն ասում է՝ ես հաղթահարեցի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, բոլորն ասում են՝ ուռա, ինչ լավ է։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, հակառակը։ Քանի բացահայտում ենք, եւ բացահայտման ծավալները մեծանում են, դա մեզ պետք է ինչ-որ առումով գոհացնի, որովհետեւ մենք չենք կարող մտածել, որ թմրանյութերի շրջանառության ծավալները նվազում են, որովհետեւ ՀՀ-ն բարեբախտաբար, թե դժբախտաբար Մարս մոլորակի վրա չէ»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031