ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ 2023թ. մայիսի 20-ին «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Որովայնի հրազենային թափանցող վնասում, բարակ աղու բազմաթիվ վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի կողմնային մակերեսի ենթամաշկի կապտուկներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 50-ամյա բնակիչ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ 50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:
Նախնական տվյալներով՝ վերջինս շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել 35-ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում, շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ, վերջինս վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին:
Կարդացեք նաև
Այնուհետև, շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 35-ամյա տղամարդը, ով փորձել է լքել հանրապետության տարածքը, 2023թ. մայիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է՝ սպանելու փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ, և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակիորեն՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով տնային կալանքը և գրավը՝ 10մլն. դրամի չափով։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հրազենի ձեռքբերման աղբյուրը, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե