Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանները գերբեռնված են, միջինից ցածր բարդության գործերը քննվում են մեկ տարուց ավելի»․ ԱԺ-ն դատավորների ընտրության հարց է քննարկում

Մայիս 24,2023 16:47

Ազգային ժողովի նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի եւ Կարեն Թումանյանի թեկնածությունները։ Ներկայացված երեք թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի թեկնածու։ Թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը։

Կարեն Աղաջանյանն իր ելույթում ասաց, որ ներկայում համակարգում ամենաբացասական գործոնը դատարանների գերծանրաբեռնվածությունն է, միջինից ցածր բարդության գործերը քննվում են մեկ տարուց ավելի ժամկետով, որը հանգեցնում է դատարան դիմած անձանց արդարացի դժգոհությանը։ «Դատարանների ծանրաբեռնվածությունը բերում է բացասական ազդեցության նաեւ դատական ակտերի որակի վրա։ Ի՞նչ լուծումներ եմ ես տեսնում՝ նախ անհրաժեշտ է սկզբնական շրջանում ավելացնել դատավորների թվաքանակը, շուտափույթ ներդնել էլեկտրոնային արդարադատությունը, դատավորների տարիքային շեմի բարձրացումը 25-ից առնվազն 35 տարեկան, որը համակարգ կբերի փորձառու մասնագետների։ Փորձը ցույց է տալիս, որ մասնագիտացված դատարաններն արդարացնում են իրենց, կարծում եմ, որ անհրաժեշտ է եւս մի քանի մասնագիտացված դատարաններ ստեղծել»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031