Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայկ Կոնջորյան․ «Երբ ընդդիմադիր պատգամավորը դատավորին հրավիրում է նայել իր աչքերի մեջ, դա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք»

Մայիս 24,2023 16:23

«Ամենեւին պատահական չէ, որ հենց կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման ժամանակ մեր ընդդիմությունը հերթական դիվահար նոպայի մեջ հայտնվեց»,- այսօր ԱԺ նիստում ասաց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ըստ նրա․ «Այն, ինչ կատարվեց այսօր այստեղ, դատական իշխանության նկատմամբ ճնշման հերթական ակնհայտ եւ եղկելի դրսեւորումն էր։ Ինչո՞ւմ է բանը, այսօրվա թեկնածուների մեջ է նաեւ մի թեկնածու, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Եվ քանի որ մեր ընդդիմությունն իր գործունեության մեջ ամբողջությամբ կողմնորոշվում է միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանի ծիրի մեջ, այսօր ամբողջ այս գործընթացը եւ ընդդիմության պարտիզանական պահվածքը միտված էր կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված գործի շուրջ։

Բայց ճնշման, դատական համակարգի ահաբեկման ամենալավ ու փայլուն ապացույցն այն էր, երբ ընդդիմության ներկայացուցիչն ամբիոնից իջնելով՝ նայեց պարոն Դանիելյանի կողմը եւ ասաց՝ ուզում եմ, որ նայեք իմ աչքերին։ Ի՞նչ է, կարո՞ղ է «դուելի» եք դուրս եկել, պարոն Սարգսյան, որ ուզում եք դատավորը ձեր աչքերին նայի։ Մենք գիտենք, որ դատական իշխանության եւ ընդհանրապես իշխանության բոլոր մարմինների ու ճյուղերի նկատմամբ տեռորը, ճնշումները, ահաբեկումները ձեր իշխանության տարիներին եղել են ձեր մեթոդաբանության զինանոցում, բայց երբ ընդդիմադիր պատգամավորը դատավորին հրավիրում է նայել իր աչքերի մեջ, դա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք ինչպես տվյալ դատավորի, այնպես էլ դատական իշխանության նկատմամբ։ Այլ կերպ թարգմանել այս պահվածքը ես չեմ կարող։ Երբ մեր ճարտարախոս ընդդիմադիր պատգամավորը հրավիրում է, որ նայեն իր աչքերին, նա նաեւ սիմվոլիկ փորձում է Ֆեմիդայի աչքերը բացել եւ զրկել անաչառությունից, ինչը հենց ուղիղ իմաստով նշանակում է խոչընդոտել արդարադատությանը»։

Կոնջորյանը նշեց, որ ցանկանում է քաղաքական իշխանության հաստատակամ աջակցությունը հայտնել դատական իշխանության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր պայքարում են Հայաստանում արդարադատության հաստատման եւ հաղթանակի համար։ «Մեր ընդդիմությունը քայլող խրատ է, կան բաներ, որոնք օրինակ են ծառայում, թե ինչպիսին պետք է լինել, եւ կան բաներ, որոնք խրատ են, թե ինչպիսին պիտի չլինել։ Մեր ընդդիմությունն ունի մի առավելություն, քայլող խրատ է, որ մեր ժողովուրդը տեսնի, թե ինչից է ազատվել, թե ինչին ոչ մի դեպքում չպետք է վերադառնալ։ Իսկ ես ուզում եմ հույս հայտնել, որ մենք կունենանք այնպիսի դատական համակարգ, որը մեր ու մեր ժողովրդի համար ոչ թե խրատ կլինի, այլ օրինակ»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031