ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ Մոսկվայի մարզում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպմանը», որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Իր ելույթում քարտուղարն անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:
Խոսել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին և ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները:
Միաժամանակ, Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում` Լաչինի միջանցքում, 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանը` շեշտելով, որ դա 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, որով Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել ԼՂ բնակչությանը։ Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի գործարկումը, ինչպես նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը:
Ելույթի եզրափակիչ մասում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար և հույս հայտնել, որ այդ հարաբերությունների կարգավորումը առավել ինտենսիվորեն առաջ կընթանա։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԽ գրասենյակ