Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգայնորեն ճանաչված, ՄԱԿ- ի անդամ միակ հայկական պետությունը Հայաստանն է. Հակոբ Արշակյան

Մայիս 24,2023 16:15

«Խաղաղության պայմանագիրը կնքվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ, այդ թվում Ադրբեջանի, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ճշգրտել պետական սահմանները։ Ինչ վերաբերում է արցախահայերի իրավունքներին և անվտանգությանը, ապա այս մասով պիտի ստեղծվի միջազգային հարթակ, որտեղ երկխոսության մեջ կմտնեն Ստեփանակերտը և Բաքուն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը’ հավելելով, որ հենց Արցախի ներկայությունը բանակցային սեղանի շուրջ շատ կարևոր է, քանի որ այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանը սկսեց բանակցել արցախահայերի փոխարեն` որպես Հայաստանի նախագահ, անուղղակիորեն ստացվեց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ տարածքային վեճ ունի։

Լրագրողների այն հարցին, թե ինչպես են արցախահայերը բանակցելու և որոշելու իրենց ճակատագիրը, եթե մինչ այդ բանակցությունները Հայաստանն արդեն իսկ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում` Հակոբ Արշակյանն այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց` նշելով, որ մեր տարածքում ՄԱԿ-ի անդամ միջազգայնորեն ճանաչված միակ հայկական պետությունը Հայաստանն է։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է Հայաստանը ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, եթե կա դա ուղղակիորեն արգելող Գերագույն խորհրդի որոշում։ Արշակյանը պատասխանեց. «Հայաստանը երբևէ չի գնացել այդ որոշման հետևից։ Որոշումն ընդունել են ու հակառակն են արել։ Միակ դեպքը, որը համահունչ է եղել այդ որոշմանը, եղել է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը»։

«Ես լսել եմ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, այնտեղ կար դիրքորոշում այն մասին, որ իրենք պատրաստ են երկխոսել Բաքվի հետ իրենց հարցերի շուրջ և դա նորմալ է։ Իսկ մենք Հայաստանի իշխանությունն ենք և ներկայացնում ենք Հայաստանի շահերը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Լրագրողները հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, մինչդեռ հիմա քննարկվող տարբերակին Արցախը պաշտոնապես համաձայն չէ, ինչին ի պատասխան Արշակյանը նշեց, որ նման բան չի լսել։

Անդրադառնալով լրագրողների այն հարցին, որ երեկ ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ժողովուրդը կապստամբի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դեմ, ԱԺ փոխնախագահն ասաց. «Եթե մի բան ասում են, թող բացատրեն։ Ապստամբությունը որն է, եթե դա ցույց է, ապա դա արտոնված է, խնդիր չկա, իսկ եթե անօրինական մեխանիզմ է, ապա Հայաստանի իրավակարգն ապացուցել է և կապացուցի, որ գործում է, կստանան ուղիղ և համարժեք պատասխան»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031