Լոռու մարզում գործում է 163 դպրոց, որից 149-ը մարզպետարանի ենթակայության տակ գործող դպրոցներ են:
Մարզում այս պահին հիմնանորոգվում է 5 դպրոց, որից 2-ն այս ուսումնական տարում արդեն հանձնված կլինեն շահագործման, ապահովված կլինեն նաեւ գույքով:
Ամբողջությամբ զրոյից կառուցվում են Վանաձորի 19, Ստեփանավանի 3-րդ, Ալավերդու 2-րդ դպրոցները, իսկ Մեդովկա եւ Հագվի գյուղերում էլ կառուցվում են մոդուլային տիպի դպրոցներ, որոնք էլ այս տարի կհանձնվեն շահագործման:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռեւս 28 դպրոց հիմնանորոգման կարիք ունի, որոնք, համապատասխան ուսումնասիրություններից հետո դասակարգվում են ըստ առաջնահերթության եւ ներկայացվում հիմնանորոգման ու բարեկարգման. «Եթե հիմնանորոգման կարիք է լինում, ներկայացնում ենք հիմնանորոգման, եթե կոսմետիկ վերանորոգման՝ ապա մասնագետներն ու քաղաքաշինության վարչությունը հստակ որոշում են տալիս»:
Կարդացեք նաև
Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ դպրոցներից 21-ը ջեռուցվում են գազի վառարաններով, 16-ը՝ փայտի վառարաններով, 14 դպրոց՝ էլեկտրաէներգիայով, 2 դպրոց՝ հեղուկ վառելիքով: Պաշտոնյայի վստահեցմամբ, այս ուղղությամբ եւս քայլեր են իրականացվում նշված դպրոցներում լոկալ ջեռուցում ապահովելու համար:
Տանիքների խնդիրը հիմնականում լուծված է, խնդիրներ կան կոսմետիկ նորոգման, ապակինեի փոխարինման ու սանհանգույցների կառուցման: Միայն նախորդ տարի մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվել 57 դպրոցներում, ջեռուցման համակարգ է տեղադրվել մոտ մեկ տասնյակ դպրոցներում, 32 դպրոցի սանհանգույց է փոխարինվել, կառուցվել են թեքահարթակներ կամ եղածները համապատասխանեցվել են շինարարական նորմերին 18 դպրոցներում, իսկ տարեվերջյան հրատապ ծրագրով 16 դպրոցներում իրականացվել են շինարարական տարաբնույթ աշխատանքներ, եւս 6 դպրոցների համար ամբողջությամբ նոր մարզադահլիճներ են կառուցվում:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ