Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այստեղ դատավորներ ենք ընտրում, Գեղամ Մանուկյանը երազում է «մետալաիսկածելը» շուռ տալու մասին»․ Արփի Դավոյան

Մայիս 24,2023 15:49

«Այսօր այս դահլիճում մեր ընդդիմադիր գործընկերները նորից ինչ-որ սադրանք արեցին եւ ճողոպրեցին»,- ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին, որը ծագեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի նետած վիրավորական ռեպլիկից հետո։

Ըստ նրա՝ ամեն անգամ ընդդիմադիր պատգամավորները գալիս են խորհրդարան, «խառնակչությամբ են զբաղվում», հետո գնում են։ «Դա արդեն գործելաոճ է, որին սովորել ենք։ Բայց հետաքրքիրն այն է, որ ողջ քննարկման ընթացքում կարմիր թելով անցնում էր դատական իշխանության մասին նրանց աղճատված պատկերացումը։ Անընդհատ խոսվում էր, անընդհատ կրկնվում էր, որ Փաշինյանին պետք են դակող եւ ծառայող դատավորներ, որ որոշումները կայացվում են մի կետում, որ կալանավորման հրահանգներ են տրվում։ Ես հասկանում եմ, որ սույն տիկնայք եւ պարոնայք ապրել են այնպիսի տարիներ, որ, այո, այդպես է եղել։ Դատավոր դառնալը որոշվում էր երկրի ղեկավարների աշխատասենյակներում, հրահանգներն իջեցվում էին կոնկրետ աշխատասենյակներից, բայց ուզում եմ նորից հիասթափեցնել նրանց, որ այդ տարիները վերջացել են։ Թեեւ իրենք չեն հարմարվում դրա հետ, որովհետեւ չեն պատկերացնում՝ ո՞նց կարելի է լինել իշխանություն եւ հրամաններ չտալ, չասել՝ սրան տարեք փակեք, նրան փակեք, ինչ-որ բանով վախեցրեք, հետո բաց թողեք։ Ճիշտ է, ձեր տարիներին է եղել, մարդուն դատել եք 11 տարի, հետո գնացել եք, ասել եք՝ կմտնես մեր կուսակցություն, քեզ բաց կթողնենք։ Եվ այդ մարդիկ կան հիմա, պատմում են ձեր մասին»,- ասաց նա։

Արփի Դավոյանը հավելեց․ «Գալիս են, սելեկտիվ արդարադատությունից են խոսում, հետո բացում ենք ՄԻԵԴ որոշումները, տեսնում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ինչ կա-չկա խախտել եք՝ կյանքի իրավունք, ազատության եւ անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունք, հավաքների ազատություն, արտահայտվելու իրավունք։ Ո՞վ է դրա հեղինակը, եւ հիմա եկել են այստեղ, սրբի դեմքով խոսում եւ քննադատում են այս իշխանություններին։ Բոլորս հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել, եւ պետք չէ գալ այստեղ ու դատավորներին պիտակներ տալ։ Պատգամավորը գալիս կանգնում է դատավորի թեկնածուի դիմաց եւ ասում է՝ նայիր աչքերիս մեջ։ Ի՞նչ է սա նշանակում, ես կարծում եմ, այդտեղ էլի շատ մարդիկ կան, որոնք այդ ցանկությունն ունեն, որովհետեւ ամեն ձեւով առնչվում են դատական իշխանության հետ, ամեն ձեւով փորձում են դատական իշխանության հետ իրենց առնչությունը քաղաքականացնել, ամեն ձեւով ուզում են իրենց կատարած նախկին հանցանքները գալ եւ քաղաքականացնել։ Մեզ մեղադրում են դատական իշխանությունների գործերին խառնվելու մեջ, բայց իրենք ամբողջ օրը դատական իշխանության գործերին խառնված են, աբսուրդ»։

Նա նշեց, որ ընդդիմադիր պատգամավորներն այսօր «թատրոն ու կրկես» են սարքել Ազգային ժողովում։ «Եկան, ոգեւորվեցին, փրկեք, ամոթ է։ Ո՞ւր եք, հիմա այստեղ կլինեիք, կգայիք, ամբիոնից կխոսեիք, կարծում եմ՝ Սեյրան Օհանյանը մի փառահեղ ելույթ կունենար արդար դատաքննության մասին։ Չեն եկել, որովհետեւ ասելիք չունենք։ Այդ միջադեպից հետո Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ միջանցքում նայում է տեսանյութը եւ զվարճանում։ Ասում է՝ էդ «մետալաիսկածելը» էս անգամ էլ չկարողացա շուռ տալ։ Այսինքն՝ այս ամենը որոշված էր, մենք այստեղ դատավորներ ենք ընտրում, Գեղամ Մանուկյանը երազում է «մետալաիսկածելը» շուռ տալու մասին։ ԱԺ պատգամավոր, ով առավոտից իրիկուն խոսում է օրենքից, օրինականությունից, Ազգային ժողովի դաշնակ պատգամավորը»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031