Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10 մլն. դրամի չափով վնաս է պատճառվել

Մայիս 24,2023 15:15

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախկին Աստղաձոր համայնքի (ներկայում Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայր) օրինական շահերին պատճառել է 10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ այդ կերպ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և մի քաղաքացու միջև 2008թ․ փետրվարին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինիս 25 տարի ժամկետով, տարեկան 2520 դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրվել է համայնքի վարչական տարածքում գտնվող «Թոփ Դար» տարածքի գյուղատնտեսական նշանակության 0.1 հա մակերեսով հողատարածքը։

Դրանից ընդամենը 2 ամիս անց վարձակալը, նշված հողատարածքից 200 ք/մ մակերեսով գյուղատնտեսական գործառնական նշանակության հողատարածքը ամսական 70.000 դրամ վարձավճարով (տարեկան 840.000 դրամ) համապատասխան պայմանագրով հանձնել է ենթավարձակալության հեռահաղորդակցական գործունեություն ծավալող ընկերությանը, որը նշված հողատարածքում, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխման, տեղադրել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և շահագործել այն։

Քննությամբ պարզվել է, որ 2008թ․ հոկտեմբերից մինչև 2021թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նշված համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը տեղյակ է եղել վերոնշյալի, այդ թվում՝ հողատարածքը ենթավարճակալության տրամադրվելու և դրանից հետո հողային օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու, այն կապի ենթակառուցվածքի օբյեկտի շահագործման համար օգտագործելու մասին, սակայն, համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, չի լուծարել վարձակալության պայմանագիրը, միջոցներ չի ձեռնարկել համայնքի խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև` օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում` Աստղաձոր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, համայնքը զրկվել է ֆինանսական այդ աղբյուրից շուրջ ավելի քան 10մլն. դրամի չափով օգտվելու հնարավորությունից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Վարույթն իրականացնող մարմնի և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված գույքային վնասի փոխհատուցումը երաշխավորելու նպատակով մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու ուղղությամբ։

Մարտունի խոշորացված համայնքի կողմից (որում ընդգրկված է նաև Աստղաձոր բնակավայրը) ձեռնարկվել են միջոցներ՝ վարձակալության պայմանագիրը լուծելու և համայնքի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031