«Ես լսել եմ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը և որպես ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյան՝ հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգը հաստատելու ձգտումներին։ Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ այն գործընթացը, որը բերելու է հարևան երկրի հետ խաղաղության, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման՝ համաձայն 1991 թվականին ԱՊՀ երկրների կողմից հաստատված սահմանների։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ մեր քաղաքական թիմի աջակցությունը ՀՀ վարչապետին՝ հարևան Ադրբեջանի հետ խաղաղության, հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Լրագրողները նկատեցին, որ Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում, ինչին Արսենյանն արձագանքեց՝ ասելով, որ Հայաստանի պետական գործիչները մանդատ են ստացել Հայաստանի քաղաքացիներից, որպեսզի սպասարկեն Հայաստանի Հանրապետության պետական շահերը, իսկ այն անձինք, ովքեր կարծում են, որ որևէ այլ հարց կարող է ստորադասվել Հայաստանի Հանրապետության շահերին, հակապետական գործունեություն են իրականացնում։ «Այո, Արցախում ապրում են հայեր։ Բայց հայեր ապրում են նաև Ջավախքում, Գլենդելում, Ավստրալիայում»,- նկատեց Արսենյանը։
«Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմը՝ ճիշտ է։ Երբեմն պետական և ազգային շահերը կարող են տարբեր բաներ պահանջել, այդպիսի իրավիճակներում ճիշտը պետական շահը գերադասելն է։ Իսկ ինչ վերաբերվում է իմ ընկեր և բարեկամ Արայիկ Հարությունյանի քննադատություններին, ապա նա Արցախի օրինական ներկայացուցչն է և հնչեցնում է իր կարծիքը, մենք որևէ մեկին չենք կարող սահմանափակել»,- հայտարարեց պատգամավորը։
Լրագրողները հիշեցրին իշխող թիմի ծրագրում նշված Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի մասին դրույթները, սակայն Արսենյանն այս մասով միայն վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի վարած բանակցություններում միշտ քննարկվում են արցախահայերի իրավունքներն ու փախստականների վերադարձը նախկին բնակավայրերին։ Նրա խոսքով, կառավարության ծրագրում իրենց թիմը շարադրել է ցանկություններ, փափագներ, սակայն իրականության հետ պետք է հաշվի նստել, ի վերջո, Արսենյանի պնդմամբ, աշխարհում ոչ մի կառավարություն ամբողջությամբ չի իրականացնում իր ծրագիրը։
Կարդացեք նաև
«Հայաստանի Հանրապետությունը, մեր թիմը ծավալապաշտական նկրտումներ չունի։ Մենք ունենք Հայաստանի տարածք, որը պաշտպանելու ենք, մենք չունենք որևէ նկրտում այլ պետության տարածքների հանդեպ, իսկ մեր ընդդիմախոսները հենց դրա մասին են խոսում։ Բացի այդ, շատ ցավոտ ձևով պարզվեց, որ մեր անպարտելիությունն ընդամենը միֆ էր և հիմա մենք չենք կարող թույլ տալ կրկին իլյուզիաներով կերակրել մեր ժողովրդին։ Վարչապետի նշած 86 հազար տարածքում ներառված է Ղարաբաղի տարածքը։ Ղարաբաղը մեզ պետք է, Ջավախքն էլ է պետք, Ավստրալիան էլ է պետք, բայց պետք է հասկանալ՝ արդյոք կարող ես պահել այն, ինչ քեզ պետք է»,- հայտարարեց Արսենյանը։
Լրագրողների այն պնդմանը, որ Արցախը հայկական երկրորդ պետությունն է, պատգամավորը հակադարձեց’ հորդորելով բերել և իր «աչքը մտցնել» այն փաստաթուղթը, որով Հայաստանը ճանաչել է Արցախը որպես հայկական երկրորդ պետություն։ Արսենյանի փոխանցմամբ, Արցախը Հայաստանի պետական շահի մի բաղադրիչ է, որն իրենց քաղաքական թիմը սպասարկում է կարողացածի չափով և որի սպասարկման համար էլ կրեցինք 2020 թվականի ծանր կորուստները։
Մանրամասները’ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ