Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշեցին հարձակվել 63 տարեկան պարոն Աղազարյանի վրա, որ ծեծկռտուք հրահրեն ու հարցուպատասխանի ժամանակ դահլիճ չգան»․ Ալեն Սիմոնյանն ընդդիմությանը

Մայիս 24,2023 15:02

ԱԺ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։

«Ես պարոն Աղազարյանին եւ Արթուր Սարգսյանին նախազգուշացում եմ հայտարարում։ Ցանկություն չկա որեւիցե ձեւով լարելու իրավիճակը։ Ես կարող էին այլ միջոց կիրառել, օրինակ, մինչեւ օրվա վերջ պատգամավորին չթույլատրել դահլիճ մտնել, բայց դրան չեմ գնում։ Ուզում եմ իմ գնահատականը տալ՝ սա կազմակերպված սադրանք էր, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք այդ սադրանքին չտրվեցինք։

Օրինակ՝ դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որը դահլիճում գրեթե չի հայտնվում՝ Իշխան Սաղաթելյանը, իմ նախկին տեղակալը, որը Ազգային ժողովի մասին ասում էր՝ սա Ալեն Սիմոնյանի «բիսեդկեն» չի։ Այո, սա Ալեն Սիմոնյանի «բիսեդկեն» չի, բայց նաեւ ձեր «դուքյանը» չի եւ ձեր հյուրանոցը չի կամ ձեր հիմնարկները չեն, սա ՀՀ Ազգային ժողովն է։ Եվ ձեր ղեկավարին՝ թե որպես ինստիտուտ, թե որպես նախկին անմիջական ղեկավար, կխնդրեմ ավելի քիչ անդրադառնալ կամ ընդհանրապես չանդրադառնալ։ Հայտնվեց այդ պատգամավորը, քաջալերում էր Սարգսյան Արթուրին, որ նա գնա ու դուխով ելույթ ունենա։

Ակնհայտ դարձավ ինձ համար, որ սադրանք է նախապատրաստվում։ Դրանից հետո պարոն Սարգսյանը որոշեց մոտենալ դատավորին, ինչն անելու իրավունքն ինքը չունի։ Եվ հետո բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան պարոն Աղազարյանի վրա եւ պաշտպանել պարոն Սարգսյանին։ Ես ուզում եմ լրագրողներն էլ հասկանան, թե ինչ կատարվեց այստեղ։

Դրանից հետո իրենք հասկանալով, որ Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները որեւիցե կերպ չեն մտնում այդ սադրանքի մեջ, սկսեցին ինձ կոչ անել պատգամավորներին հանգստացնել։ Բոլոր տեսանյութերում երեւում է, որ Արթուր Սարգսյանին, որը փորձում է մոտենալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին, առաջինը կանգնեցնում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ շատ նուրբ խնդրելով, որ նա չշարունակի մոտենալ։

Բայց առիթն օգտագործվեց, որ իրենք դահլիճ չգան։ Իսկ ինչո՞ւ դահլիճ չգան, կարո՞ղ եք գուշակել, որովհետեւ այսօր կա հարցուպատասխան, եւ այստեղ ելույթ է ունենալու ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրենց առիթ էր պետք, որ ծեծկռտուք լինի, որ իրավիճակը լարվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա դիմեց ՔՊ խմբակցությանը․ «Ակնհայտ է՝ ասելիք չունեցող, առաջարկ ու օրակարգ չունեցող ընդդիմությունը մի բան է փորձելու անել՝ մեզ սադրել։ Ես խնդրում եմ այդ սադրանքներին չտրվել, որովհետեւ մենք ավելի պատասխանատու ենք մոտենում մեր գործին՝ գիտակցելով այն ժամանակահատվածի եւ իրավիճակի պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ուսերին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031