Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ն լղոզում է իրեն հասցեագրված հարցերի պատասխանները. «Հետք»

Մայիս 24,2023 14:12

«Հետք». Հայաստանի արտգործնախարարությունը խուսափում է արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող որոշ նուրբ հարցերի անդրադառնալուց՝ դրանց տալով անորոշ, լղոզված, երբեմն էլ մանեւրող պատասխաններ:

Այն բանից հետո, երբ ապրիլին Երեւանում բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ եթե Հայաստանը չապամոնտաժի այն, ապա Թուրքիան, որն արդեն փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ մեկնող հայաստանյան օդանավերի առաջ, կձեռնարկի հավելյալ միջոցներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել էինք ԱԳՆ-ի դիրքորոշմամբ, եւ թե արդյոք հուշարձանն ապամոնտաժվելու է։

Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե արդյոք հուշարձանի հանդեպ Թուրքիայի բացասական կոշտ վերաբերմունքը կարող է հայ-թուրքական բանակցային գործընթացի խոչընդոտ դառնալ։ Հարցրել էինք նաեւ, թե ներկա փուլում ինչպիսին է բանակցությունների ընթացքը, ինչ նախապայմաններ են դրվել Հայաստանի առաջ, որոնք են այն «կարմիր գծերը», որոնցով Հայաստանն առաջնորդվում է հայ-թուրքական բանակցություններում։

Արտգործնախարարությունը պատասխանել է, որ հուշարձանի հետ կապված հարցերին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր, թե հուշարձանի տեղադրումը սխալ է համարում:

Արարատ Միրզոյանին հարցրել էինք նաեւ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները մայիսի 1-4-ը բանակցություններ էին վարել ԱՄՆ-ում: Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը լրագրողների հետ ճեպազրույզում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնության են եկել որոշակի պայմանների շուրջ ու ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Խնդրել էինք մանրամասնել, թե ինչ պայմանների շուրջ է համաձայնությունը։ ԱԳՆ վարչության պետի պաշտոնակատար Ի. Թորգոմյանն ընդամենը պատասխանել է, որ բանակցությունների վերաբերյալ իրենք հանդես են եկել մամուլի հաղորդագրությամբ։

Սա հերթական լղոզված, ոչինչ չասող պատասխանն է, քանի որ մայիսի 4-ի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է հետեւյալը. «Նախարարները եւ նրանց թիմերը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հայտարարած «որոշակի պայմանների շուրջ համաձայնությունը» ակնհայտորեն տարբերվում է ՀՀ ԱԳՆ-ի նշած «փոխըմբռնման առաջընթացից», ինչի մասին, սակայն, ԱԳՆ-ն չի ցանկանում բարձրաձայնել:

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031