«Ձեր նկատմամբ որքա՞ն կարգապահական վարույթ է հարուցվել, դրանցից քանի՞սն են կարճվել, քանի՞սն են բավարարվել»,- ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու հարցի քննարկման ժամանակ դատավոր Արմեն Դանիելյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Ես անձնավորված չեմ անդրադառնում, որովհետեւ եթե անդրադառնամ, բազմաթիվ ակտեր կան նաեւ իմ մասնակցությամբ, որտեղ դուք, իմ գնահատմամբ, չարդարադատություն եք իրականացրել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա հարցրեց՝ ինչն է պատճառը, որ դատավոր Արմեն Դանիելյանի վարկանիշը ցածր է եղել։ «Որքա՞ն են եղել դեպքերը, երբ դուք մեղադրյալին չլսելով՝ թողել եք ուժի մեջ նրա՝ կալանավորման վերաբերյալ որոշումները»,- հարցրեց պատգամավորը։ Այս հարցին դատավորը չպատասխանեց։
Արմեն Դանիելյանն ասաց․ «Իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարգապահական միջնորդություններ՝ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, եղել է նախորդ տարի։ Այս 20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ընդամենը երկու անգամ է նման միջնորդություն ներկայացվել իմ վերաբերյալ։ Երկու անգամ էլ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվել է մերժելու վերաբերյալ որոշում»։
Կարդացեք նաև
Արմեն Դանիելյանը նաեւ հավելեց, որ իր նկատմամբ իշխանությունների կողմից ճնշումներ չեն եղել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ