Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ակնհայտ ապօրինի որոշում կայացնելու համար ԱԺ պատգամավորից ներողություն խնդրեցի՞ք»․ Գեղամ Նազարյանը Արմեն Դանիելյանին

Մայիս 24,2023 12:25

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին հարց ուղղեց պատգամավոր Արթուր Սարգսյանի գործի վերաբերյալ։

«2021 թվականի նոյեմբերի 15-ին դուք ակնհայտ ապօրինի որոշում կայացրեցիք, որի հետեւանքով մարդը մնաց անազատության մեջ եւ ազատ արձակվեց միայն Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 10-ի որոշումով։ Դուք Սահմանադրական դատարանի որոշումից հետո աշխատանքից ազատվելու մասին դիմում ներկայացրեցի՞ք՝ ակնհայտ ապօրինի որոշում կայացնելու համար, զանգեցի՞ք եւ այդ մարդուց, ով Ազգային ժողովի պատգամավոր էր, ներողություն խնդրեցի՞ք, ասացի՞ք, որ ձեր գիտելիքները չէր բավարարում, որ ճիշտ որոշում կայացնեք։ Տանը ձեր ընտանիքի անդամներին ասացի՞ք, որ զղջում եք, որ ակնհայտ ապօրինի որոշում եք կայացրել։ Եվ այսօր, որ գալիս էիք Ազգային ժողով, ի՞նչ էիք մտածում, եթե Արթուր Սարգսյան այստեղ նստած լիներ, դուք իրենից ներողություն կխնդրեի՞ք, թե՞ կասեիք՝ լավ եմ արել, ապօրինի որոշում եմ կայացրել, որի համար պատասխան չեմ տվել, դրա համար այսօր շտապում եմ Վճռաբեկ դատարան, որ այնտեղ եւս կատարեմ ակնհայտ ապօրինի որոշումներ»,- հարցրեց Նազարյանը։

Արմեն Դանիելյանն ասաց․ «Ինչ վերաբերում է նշված գործով դատական ակտ կայացնելուն, ապա իմ վարքագծի կանոնների մեջ մնալու նկատառումներից ելնելով՝ ես ձեռնպահ կմնամ ձեր հարցին պատասխանում։ Միայն կարող եմ ասել, որ իմ կողմից կայացված դատական ակտը մատչելի է հանրությանը, իմ դիրքորոշումն այդ դատական ակտում հայտնել եմ, ես իմ առաքելությունն եմ իրականացնում»։

«Ես բոլոր պատգամավորներին եմ դիմում՝ եթե ինչ-որ մի բան այս աշխարհում այնպես չէ, այսօր մեր քվեարկությամբ այնպես անենք, որ գոնե մի գրամ այդպես լինի»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Նա նաեւ հարցրեց դատավորի թեկնածուին․ «Դուք ձեզ մոտ վիճակագրություն ունե՞ք, թե 2002 թվականից սկսած քանի՞ անգամ եք բարձրագույն պաշտոնյաներից զանգ ստացել՝ այս կամ այն որոշումը կայացնելու համար։ Քանի՞ անգամ եք կաշառքի առաջարկ ստացել, քանի՞ անգամ եք վերցրել, քանի՞ անգամ եք մերժել։ Բլոկնոտում նման նշումներ ունեք, թե՞ ոչ»։

«Ձեր մատնանշած հարցադրումների համատեքստում ես երբեք չեմ եղել եւ չեմ լինի, բնականաբար, վիճակագրություն վարելու անհրաժեշտություն էլ չկա»,- արձագանքեց Արմեն Դանիելյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031