Լրահոս
Օրվա լրահոսը

21 քրեական վարույթ է նախաձեռնվել ՊՎԾ-ի մշտադիտարկումների արդյունքում

Մայիս 24,2023 12:21

2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում պետական կառավարման մարմիններում Պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով՝ 27 միջնորդությունից նախաձեռնվել են թվով 21 քրեական վարույթներ, որոնցից 14-ը՝ Քննչական կոմիտեում, 7-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում: Ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ են իրականացվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, Էկոնոմիկայի նախարարությունում (Ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիր) ՏԿԵՆ-ի Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում, Պաշտպանության նախարարությունում, Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանում, Շիրակի մարզի Անի համայնքապետարանում, Սյունիքի մարզպետարանում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում:

Արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը  փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով, որոնց հիման վրա էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ. կատարվում է նախաքննություն:

Ծառայությունն այս պահին հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՊՎԾ ռիսկերի գնահատման և վերլուծության վարչությունն իր կանոնադրական գործառույթների շրջանակում իրականացնում են լայնամասշտաբ վերլուծական աշխատանքներ, որոնք հետագայում կարող են դառնալ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների համար համապատասխան հիմքեր:

Ընթացքի մեջ են 58 վերահսկողական գործընթացներ՝ այդ թվում 11 ուսումնասիրություն և 47 մշտադիտարկումներ: Այս փուլում ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ են իրականացվում ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեում, Պաշտպանության նախարարությունում, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, «ՀԷՑ» ՓԲԸ-ում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, «ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում», Սյունիքի մարզպետարանում, մի շարք բժշկական կենտրոններում, մի շարք համայնքապետարաններում՝ 5-ամյա զարգացման ծրագրերի, սուբվենցիոն ծրագրերի, հողերի օտարման գործընթացների իրականացման նկատմամբ:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են գտնվում նաև  Վարչապետի, Կառավարության որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքը: Ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, հետագայում ամփոփվում և ներկայացվում ՀՀ վարչապետին։

ՊՎԾ-ի կողմից իրականացվող մի շարք վերահսկողական գործառույթների հետ մեկտեղ՝ Ծառայության ուշադրության կենտրոնում են գտնվում նաև հանրային գնումները:

Պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց ենթակա պետական հիմնարկների կողմից իրականացվող գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Ծառայությանը հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք: Այս հաստիքների ներգրավման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի Ծառայության համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից հնարավորինս վերահսկելի դարձնել պետական մարմինների կողմից իրականացվող գնումների գործընթացները:

Ներկայումս ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա Ծառայության կողմից աշխատանքներ են իրականացվում նաև հանրային գնումների գործընթացների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն սահմանելու համար՝ անհրաժեշտ որոշակի ընտրանքային մեթոդաբանության, գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման նպատակով ռիսկայնությունը որոշող չափորոշիչների, վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու ուղղությամբ: Նպատակն է՝ ստեղծել գնումների գործընթացների վերահսկողության ինստիտուցիոնալ մոդել, որի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբում ներգրավվել են նաև ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031