Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազանային» ռազմավարությանը հնարավոր չէ հակադարձել «մարդկային» մարտավարությամբ․ Լևոն Մազմանյան

Մայիս 24,2023 12:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմավարության գծով նախկին խորհրդական Լևոն Մազմանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչապետը, մի կողմից, ըստ իր իսկ խոսքերի, ընկալում է, որ «Ադրբեջանը էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում», և որ պետք է «ամեն ինչ անել այդ քաղաքականության իրագործումը թույլ չտալու համար»։ Մյուս կողմից, առաջարկում է այդ քաղաքականությանը հակադարձել «միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով», «Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների» և «Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսություն ձևավորելու միջոցով»:

Ինչպես ասել է ժամանակակից քաղաքագիտության դասականը․
«Պայքարի երկու եղանակ կա՝ մեկը օրենքով, մյուսը բռնի ուժով: Առաջին մեթոդը բնական է մարդու համար, երկրորդը՝ գազանների, բայց քանի որ առաջինը հաճախ անբավարար է լինում, էական է դառնում երկրորդին դիմելը»։

«Մարդկանց կամ պետք է լավ վերաբերվել, կամ ջախջախել, որովհետև նրանք կարող են վրեժխնդիր լինել ավելի փոքր կորստի դեպքում, իսկ ավելի լուրջ կորստի դեպքում՝ չեն կարող: Ուստի մարդկանց հասցված վնասը պետք է այնքան լուրջ լինի, որ նրանք ի վիճակի չլինեն վրեժխնդիր լինել»։

Ադրբեջանի բռնապետը, Թուրքիայի ղեկավարության հետ ներդաշնակ, հենց այս՝ մաքիավելյան մոտեցումների հիման վրա է կառուցում սեփական պետության և ժողովրդի ռազմավարական հաղթարշավը հայկական պետությունների և հայ ժողովրդի դեմ, սպասարկում սեփական ազգային-պետական շահը՝ հայկական ազգային-պետական շահի հաշվին։ Այս մոտեցումները նույնքան բարոյազուրկ են, որքան արդյունավետ և ժամանակի մեջ փորձված։

Այս «գազանային» մոտեցումների կենսունակության և ռազմավարական արդիականության վառ ապացույցներն են՝ մինչ օրս ժողովրդագրական անդառնալի կորուստ պատճառած Հայոց ցեղասպանության՝ Թուրքիայի կողմից չճանաչված լինելը, ռազմավարական բնույթ ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերից Հայաստանին հետևողականորեն մեկուսացնելը, ՀՀ-ը ռազմավարական խորությունից զրկելը, արցախահայությանը շրջափակելն ու ահաբեկելը։

Այս մոտեցումները ենթադրում են «գիշատիչ քաղաքականության» վարում կամ «զրոյական գումարով խաղ», որը Ադրբեջանի ղեկավարը ոչ միայն չի թաքցնում սեփական ժողովրդից, այլ բացահայտ խրախուսում և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում սեփական երկրում։ Դա նրան չի խանգարում «մարդկային» դեմքով (որի հիմքում ընկած է մաքիավելյան «աղվեսի» գազանային որակը) մասնակցել միջազգային դերակատարների միջնորդությամբ և ՀՀ վարչապետի աշխույժ ներգրավմամբ տեղի ունեցող դիվանագիտական խաղաղասիրական «հովվերգությանը»։

Ի տարբերություն Ադրբեջանի (նաև Թուրքիայի) ղեկավարության՝ ՀՀ ղեկավարությունը չունի ռազմավարական մոտեցումներ։ Երեկ Արցախը Հայաստան էր և վերջ, այսօր՝ արդեն Ադրբեջանի կազմում է։ Երեկ Արցախի պաշտպանությունը նոր «Սարդարապատ» էր, այսօր՝ «չկա Հայաստան առանց Արցախի» թեզն արդեն կեղծ է։ Սա վկայում է ՀՀ իշխանությունների մոտ ռազմավարական մտածողության ի սպառ բացակայության մասին։ ՀՀ ղեկավարությունն ուղղակի գնում է արտաքին ճնշումների ազդեցության տակ պարտադրված իրավիճակային լուծումների՝ առանց գնահատելու դրանց ռազմավարական ծանր հետևանքները սեփական ժողովրդի համար։

Հակադարձելով հարևան պետության «գազանային» ռազմավարությանը խաղաղասիրական՝ «մարդկային» (անատամ) իրավիճակային ներքին և արտաքին քաղաքականությամբ, ՀՀ ղեկավարությունը ոչ միայն զբաղվում է ինքնախաբեությամբ, այլև սեփական գործողություններով և անգործությամբ մոտեցնում է սեփական ժողովրդի համար հակառակորդի կողմից ծրագրված անդառնալի վնասը։

«Գազանային» ռազմավարությանը հնարավոր չէ հակադարձել «մարդկային» մարտավարությամբ։ Միայն «գազանային» ինքնապաշտպանական բնազդն ու պատրաստվածությունը կարող են հակադարձել նման ռազմավարությանը։ Իսկ եթե ներկայիս ՀՀ իշխանություններն այն կարծիքին են, որ անդառնալի վնասն արդեն հասցված է հայ ժողովուրդին և վերջինս արդեն ի վիճակի չէ սեփական «ատամներով» պաշտպանել սեփական գոյությունը, ինչը նախապայման է սեփական պետության կառուցման համար, ապա նման մոտեցմամբ իշխանության ղեկին գտնվելու ամեն մի օր աշխատում է ինչպես հայ ժողովրդի (ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում բնակվող), այնպես էլ անձնապես այդ իշխանության գոյության դեմ։

Ինչքան զսպանակը երկար սեղմվի, այնքան այն ավելի կտրուկ և հուժկու կձգվի, կբացվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031