«Դատավոր, որը կայացնում է վճիռ, հետո պարզվում է, որ դա հակասահմանադրական է, Սահմանադրական դատարանը հակառակ որոշումն է արձակում, ըստ ձեզ, այդ դատավորի հետագա գործողություններն ինչպիսի՞ն պետք է լինեն»,- ԱԺ այսօրվա նիստում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ըստ Դանիելյանի՝ հարցը վերացական ու ընդհանրական էր։ «Եթե նկատի ունեք իմ կողմից կայացված դատական ակտերը կամ ակտը, այդ թվում, ես տողատակում զգացի, որ կոնկրետ գործ եք մատնանշում, ես զերծ կմնամ որեւէ դատողություն անելուց՝ դարձյալ մնալով իմ վարքագծի կանոններով։ Ուղղակի կարող եմ ասել, որ եթե ես դատական ակտ եմ կայացրել, հիշյալ դատական ակտը մատչելի է հանրությանը, եւ ելնելով իմ վարքագծի կանոններում մնալու նկատառումներից՝ թերեւս այլ տեսակետ չեմ հայտնի»,- ասաց Արմեն Դանիելյանը։
Նա հավելեց, որ բավական մեծ պատասխանատվության է վերաբերում ցանկացած քննադատության, սակայն քննադատությունը պետք է լինի առողջ, անկողմնակալ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ