«Փաստերի ստուգման հարթակ» – Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է՝ «(Ադրբեջանի) 86,600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:
Երբ լրագրողը կրկին խնդրել է հստակեցնել՝ արդյո՞ք Հայաստանի այսօրվա կառավարությունն ասում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ դիրքորոշում են հայտնել Հայաստանի նախկին ղեկավարները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ պարզելու՝ արդյո՞ք Փաշինյանի պնդումը ճիշտ է, թե՞ սխալ:
Լևոն Տեր-Պետրոսյան
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը: 1991 թ.-ին ստեղծված փաստաթուղթը Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացրել է վերապահումներով:
Կարդացեք նաև
Մասնավորապես, պարբերություններից մեկը, որտեղ նշվում է՝ «կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը», խմբագրվել է հետևյալ կերպ. «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
1996 թ․ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև Հայաստանը, նախատեսվում էր ընդունել հռչակագիր, որում առանձին մաս պետք է նվիրված լիներ Լեռնային Ղարաբաղին: Ըստ դրա՝ հակամարտության լուծումը հիմնվում էր երեք սկզբունքների վրա` Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում, Ադրբեջանի կազմում ԼՂ-ին ամենաբարձր աստիճանի ինքնակառավարման ապահովում, ԼՂ-ի և նրա բնակչության անվտանգության երաշխավորում: Հայաստանն օգտվեց վետոյի իրավունքից, և այդ հատվածը դուրս մնաց հռչակագրի վերջնական տեքստից:
Իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյան հայտարարել էր, որ ղարաբաղյան հիմնախնդիրն Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը։
«Սումգայիթի (1988 թ. փետրվար), Կիրովաբադի (1988 թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990 թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաև Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991 թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել։ Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն է»,- նշել էր նա։
«Ազատություն» ռ/կ-ը 2022 թ. հունվարին, հղում անելով Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, ներկայացրել էր դեռևս 1997 թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած ղարաբաղյան կարգավորման փաթեթային տարբերակին պաշտոնական Երևանի պատասխանը. ««Հայաստանը, ինչպես հայտնի է, չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ հարաբերությունները և չի հստակեցվել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը»։
Եվ հետո շարունակության մեջ ասում է. «Ինչպես նշել ենք վերևում, Հայաստանը չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Հետևաբար, համաձայնագրի նախագծում տեղ գտած առաջին և երկրորդ հոդվածները (դրանք հենց տարածքային ամբողջականության մասին հոդվածն էր և որ Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս) Հայաստանի համար քննարկման ենթակա չեն»,- նշված էր «Ազատություն» ռ/կ-ի հոդվածում։
Ռոբերտ Քոչարյան
2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ևս որևէ փաստաթղթով Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Ավելին՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում 2004 թ.-ին՝ Քոչարյանը հայտարարել էր, որ ԽՍՀՄ փլուզման արդյունքում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում կազմավորվեցին երկու անկախ պետություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը. «Այդ պետությունների գոյության իրավական հիմքերը նույնական են։ Այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Եվ մենք պատրաստ ենք հակամարտության կարգավորման հարցը քննարկել իրավական հարթության վրա»։
2005 թ․ հոկտեմբերի 7-ին Լատվիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը նշել էր, որ «մենք ինքներս ունենք տարածք, ունենք մեր սահմանները, և Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածքային ամբողջականության սկզբունքի կարևորությանը, սակայն այդ սկզբունքը, տվյալ դեպքում` Ղարաբաղի անկախությունը, որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ»:
Սերժ Սարգսյան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային ելույթներում բազմիցս հայտարարել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Նա բազմիցս օտարերկրյա հարթակներում խոսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների զիջման մասին, սակայն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու փաստ չի արձանագրվել:
Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում 2016-ին Սարգսյանն ասել է. «Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, որովհետև տարածքային ամբողջականությունը վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը` մայրաքաղաքին և ժողովրդին, որը բնակվում է իր պատմական հայրենիքում։ Եթե մենք անտեսում ենք ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ դեպքում չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից: Չէ՞ որ դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Ուստի այս սկզբունքները միմյանց չեն հակասում»։
Հավելենք, որ մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները։ ԼՂ հակամարտության բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ էր, երբ նշվում էին հանրապետությունների տարածքների մակերեսները:
Այսպիսով, Փաշինյանի պնդումը, թե Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, կեղծ է և մանիպուլյատիվ: Նախկին նախագահները ո՛չ ստորագրված փաստաթղթերի, ոչ հանրային խոսքով չեն արել նման հայտարարություն:
Լուսինե ՈՍԿԱՆՅԱՆ