«Ինչո՞ւ եմ հավակնում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի պաշտոնին»,- ԱԺ նիստում այսօր ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը։ Նա նշեց, որ գաղտնիք չէ, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում առանցքային ու կարեւոր նշանակություն ունի Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատը։ «Հնարավորության դեպքում ցանկանում եմ այդ ոլորտում արդարադատության արդյունավետ իրականացման գործում իմ համեստ մասնակցությունը, ներդրումն ունենալ՝ իմ գիտելիքները, փորձառությունը, մասնագիտական եւ անձնական որակներն այդ ոլորտում ծառայեցնելու համատեքստում։ Ավելի պարզ ասած՝ ցանկանում եմ, որ այդ երեւույթը, խոսքը կոռուպցիոն դրսեւորումների մասին է, Հայաստանում հնարավորինս վերանա, կանխվի»,- հավելեց նա։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին։ «Պարոն Դանիելյան, ընդամենն ուզում էի ձեզ զգուշացնել, որ ձեր դատական գործերից մեկով անցած ամբաստանյալի փաստաբանների շարքը դատական դահլիճում ամբողջական չի եղել։ Մի մասն այստեղ են, խեղաթյուրում ու արժեզրկում են պատգամավորի գործառույթները եւ դերակատարումը։ Օրինակ՝ պարոն Դանիելյան, ձեզ հայտնի՞ է, թե նույն Մնացական Մարտիրոսյանը ո՞ր թվականից է աշխատում դատական համակարգում կամ գոնե հանդիսանում դատավոր»,- հարցրեց Ալեքսանյանը։
Արմեն Դանիելյանն ի պատասխան ասաց․ «Ստույգ տարեթիվը հիշել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ ինձնից ավելի առաջ ժամանակահատվածում է աշխատել պարոն Մարտիրոսյանը։ Երբ ես դատավոր եմ դարձել, պարոն Մարտիրոսյանն, իմ ընկալմամբ, երեւի թե բավական երկար ժամանակ արդեն իսկ պաշտոնավարել է»։
«Դահլիճի այս հատվածում նստած մարդիկ մինչեւ կոնկրետ մի գործի քննությունը, հիշո՞ւմ եք, որ երբեւէ որեւէ պիտակ կպցրած լինեն Մնացական Մարտիրոսյանին։ Ես էլ չեմ հիշում, ուրեմն հատուկ ձեզ համար այստեղ մենք ունենք ժամանակակից արվեստի սիմպոզիում՝ եզակի երկերեսանիության սիմպոզիում, կարող եք վայելել»,- հավելեց Վահագն Ալեքսանյանը։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Երեւանի կրկեսի տնօրեն կար՝ Սոսը Պետրոսյան մի հատ արտահայտություն ունի, որը թեւավոր է, ասում է՝ բա սրան առաջին պլան կբերե՞ն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ