Լրահոս
Օրվա լրահոսը

Խոհեմ լինելու քարոզի միջոցով ցանկանում են կտրել մեր թեւերը՝ «երազանքի թեւերը»․ «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 24,2023 11:36

Ե՞րբ սկսեցինք իրապես պարտվել. երբ կորցնելով Մեծ Հայքում առաջին հայկական գյուղը, քաղաքը՝ մտածեցինք, որ պետք է պահել մնացածը։ Մինչդեռ անհրաժեշտ էր մտածել կորցրածը հետ բերելու մասին, իսկ հետագա կորուստները բացառելու համար՝ վերցնել ագրեսորի ունեցածը, իսկ եթե ոչինչ չուներ մեր տարածաշրջանում, ստիպել նրան՝ հեռանալու մեր հայրենիքից։ Ժամանակի ընթացքում հարմարվողականությունը դարձավ բնավորության գիծ՝ ազգն աստիճանաբար դարձնելով մեկ տարածքում ժողովված մարդկանց խումբ, իսկ հետո էլ՝ հասարակ մարդկանց համախումբ։ Այդպես «եղածը պահելու» վարքագիծ դրսեւորելով՝ կորցրեցինք գրեթե ամեն ինչ։

Երազելը մարդու մտքի բնական հատկանիշներից մեկն է, աշխարհի անհատական եւ հավաքական պատկերը կառուցելու կարեւորագույն գործիք։ Այն նաեւ իրականությունը վերափոխելու անհրաժեշտ պայման եւ գործունեության շարժառիթ է, որը հեռանկարում հնարավորություն է ստեղծում հասնելու անհաս թվացող նպատակին։ Ազգերը, ինչպես անհատները, հակված են երազելու։ Ազգային երազանքն այն էներգիան է, որն առաջ է տանում եւ կենսունակ պահում ազգին, նրա կերտած պետականությունը։ Ազգային երազանքը միեւնույն ժամանակ թույլ չի տալիս մոռանալ անցյալը եւ ուղենշում է զարգացման ճանապարհը։ Որքան էլ պետական կառույցների կամ մասնագիտական խմբերի կողմից զարգացման նպատակներ ձեւակերպող հրապուրիչ ազգային ռազմավարություններ եւ հայեցակարգեր մշակվեն, դրանք կենսունակ չեն լինի, եթե հաշվի չառնեն ժամանակի մեջ ծնված, փորձությունների միջով անցած ազգային երազանքը։ Դեռեւս մնացել է երազանքը։ Այսօր էլ ստիպում են մեզ հրաժարվել միացյալ եւ ուժեղ հայրենիք ունենալու երազանքից։ Երազանք, որն ուժ է տվել հաղթահարելու տարատեսակ արհավիրքներ ու փորձություններ։ Այդ երազանքի առանցքը Հայկական լեռնաշխարհի սիրտը՝ Արարատ սուրբ լեռը վերադարձնելն է։ Եթե հայը դադարի այն իրենը համարել, այդժամ կդադարի բաբախել նաեւ սուրբ լեռան «սիրտը»։

Բոլոր ազգերն ունեն իրենց երազանքը, սակայն հայերիս ամոթանք են տալիս հայկական երազանք ունենալու համար։ Հեռու չգնանք. մեր պատմական հայրենիքը բռնազավթած թուրքն ունի իր մեծ երազանքը՝ «Kizilelma»-ն (թարգմ.՝ «Կարմիր խնձոր», որը, ըստ թյուրքական առասպելաբանության, ուտոպիական թվացող նպատակ է, որին պետք է ձգտեն թուրքերը եւ, մասնավորապես, օղուզ թուրքերը)։ Այդ երազանքով, ավելի ճիշտ՝ այդ ծրագրով է առաջնորդվում թուրքը դարեր շարունակ, այդ հայեցակարգն է որդեգրել նաեւ ժամանակակից Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ։ Ծավալապաշտական ծրագրերը սնվում են պետական մակարդակով, այնինչ մեզ փորձում են զրկել երազանք ունենալու ցանկությունից, հետեւաբար՝ ապրելու հնարավորությունից։ «Ծովից ծով» Հայաստանի, Արեւմտյան Հայաստանի, Կիլիկյան Հայաստանի, ինչպես նաեւ Տիգրան Մեծի եւ ազգային հպարտություն այլ անունների մասին հիշատակումներն սկսել են ծաղրի արժանանալ, փորձում են համոզել, որ դրանք չիրականացող, անհաս երազանքներ են, խոհեմ լինելու քարոզի միջոցով ցանկանում են կտրել մեր թեւերը՝ «երազանքի թեւերը»։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031