Հայկական կողմն արձանագրում է, որ վերջին բանակցությունների ընթացքում խաղաղության փաստաթղթի երկու կետի վերաբերյալ դրական արդյունքներ են գրանցվել: Հատկանշական է, որ այդ մասին հայտարարվում է Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ ՀՀ ԱԳ նախարարի համատեղ ասուլիսում: Գաղտնիք չէ, որ անգլիական խոշոր նավթավերամշակող եւ հանքարդյունահանող ընկերությունը զգալի մասնաբաժիններ ունի ադրբեջանական նավթագազային, հանքային արդյունաբերության ոլորտներում, եւ այդ պետությունն ավանդաբար սերտ գործընկերային հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ: Ավելորդ չէ հիշեցնելը, որ նույնիսկ բոլշեւիկյան հեղափոխությունից հետո խորհրդային Ադրբեջանից նավթը շարունակել է արտահանվել Անգլիա:
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ, բնականաբար, շեշտադրվել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, որի շրջանակներում էլ վերջինս հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի երկու կետի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, իսկ որոշների մասով մոտեցվել են կողմերի դիրքորոշումները: Հայաստանի ԱԳ նախարարը բրիտանացի նախարարի հետ քննարկել է Մեծ Բրիտանիայի հնարավոր միջնորդական առաքելության իրականացման հարցերը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից բացի, նաեւ հումանիտար հարցերում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման եւ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ: Նա նաեւ նշել է, որ խաղաղության փաստաթղթում դեռ կան կետեր, որոնց վերաբերյալ կարծիքների մոտեցման հարցում առայժմ դրական արդյունքներ չկան:
Այստեղ պարզ է, որ չհամաձայնեցված կետերի մասին խոսելիս փաստվում են բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները: Այս առումով Բաքվին իրականություն վերադարձնելու համար առաջնային նշանակություն ունեն միջազգային համապատասխան կառույցների գործողությունները, իսկ Ադրբեջանում տնտեսապես ահռելի ներկայություն ունեցող Մեծ Բրիտանիայի ակտիվությունը կարող է էական առաջընթաց ապահովել այդ խնդրում: Իսկ այն, որ վերջինս պետք է շահագրգռված լինի տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, առաջին հերթին բացատրվում է տարածաշրջանում ունեցած իր տնտեսական խոշոր շահերով:
Տարածաշրջանի՝ նոր ծավալով ապակայունացումը, որին իր ապակառուցողական պահվածքով նպաստում է ադրբեջանական կողմը, լուրջ վտանգ է ներկայացնելու նաեւ բրիտանական ընկերությունների համար, եւ տրամաբանական է, որ վերջիններս պետք է լոբբինգ անեն Բաքվին կառուցողականության դաշտ բերելու հարցում:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում