Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի եւ Արսեն Նիկողոսյանի ընտրության հարցը։
Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի եւ Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։ Ազգային ժողովը երեք թեկնածուներից պետք է ընտրի մեկ թեկնածու։ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը ներկայացրեց Արմեն Դանիելյանի թեկնածությունը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցրեց Վիգեն Քոչարյանին, ինչո՞ւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի ներկայացնում այս կարեւոր հարցը։ Վիգեն Քոչարյանն ասաց, որ Անդրեասյանը գտնվում է գործուղման մեջ, երկրում չէ։ «Ես հանդիսանում եմ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող, այդ հանգամանքով է պայմանավորված իմ այսօրվա առաքելությունը»։
Արսեն Թորոսյանը հորդորեց․ «Կարեւոր է, որպեսզի նման գործուղումները չհամընկնեն նման կարեւոր հարցերի զեկուցման հետ, որովհետեւ կարեւոր է, որպեսզի հենց ԲԴԽ նախագահը դա անի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ