Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովը մերժեց ավազն ապօրինի արդյունահանելու մասին փոփոխությունների փաթեթը

Մայիս 24,2023 10:44

Ազգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի այս նախագծին, եւ քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկներով հանդես գալ, որպեսզի նախագիծը վերադառնա քննարկումների փուլ՝ առաջին ընթերցում։

Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ասաց, որ առաջարկում է նախագծերի քննարկումը վերադարձնել նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման փուլ։

Բաբկեն Թունյանը մայիսի 23-ի ԱԺ նիստում ասել էր․ «Այս փուլում, երբ ՀՀ-ում ընթանում են ծավալուն շինարարական աշխատանքներ շինանյութերի, այդ թվում` ավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն մեծացել է: Մեծացել է նաեւ ավազն ապօրինի կերպով արդյունահանելու գայթակղությունը, ինչի հետեւանքով ոչ միայն պետական բյուջեն է վնասվում, այլեւ շրջակա միջավայրին անդառնալի վնասներ են պատճառվում: Հուսով եմ` մենք միասին կկարողանանք ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ արդյունավետ հաղթահարել»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազի արդյունահանում իրականացվող ընդերքօգտագործողի կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցնել մինչեւ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդ որում, ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Ըստ կառավարության՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031