Լրահոս
Օրվա լրահոսը

Արջի նման «քուն մտնել» ու սպասել արևի լույսին․ սեզոնային աֆեկտիվ խանգարում

Մայիս 24,2023 09:40

«Գուցե նախորդ կյանքում արջ եմ եղել, որ ձմեռը չտեսնեմ, բայց էս անգամ բախտս չի բերել։ Ամեն դեպքում ևս մեկ մեծ դեպրեսիայի եռամսյակ հաղթահարված է։
Շատ ափսոսում եմ, որ կա ձմեռ, ու կյանքիս մեկ քառորդն ուղղակի չեմ ապրում, չեմ լինում էն, ինչ եմ, բայց հանուն էս օրերի երջանկության երևի արժեր էն անկյանք օրերին ողջ մնալ։ Մի խոսքով՝ բարի վերադարձ կյանք, ես ջան»։

Լրագրող Արուսյակ Կապուկչյանի՝ ֆեյսբուքում գարնան առաջին օրն արված այս գրառումը շատ լավ է նկարագրում այն վիճակը, որը մասնագետները պարզապես կանվանեին սեզոնային դեպրեսիա կամ սեզոնային աֆեկտիվ խանգարում։ Գերազանցապես ձմռանը դրսևորվող և հենց «ձմեռային բլյուզ» արտահայտությամբ բնորոշվող տարօրինակ զգացողությունները հաղթահարելու հարցում Արուսյակին օգնում է առավոտյան արևի լույսի, բնության հետ շփումը՝ աշխատավայրին կից գտնվող գեղեցիկ այգում։ Ի դեպ, «լուսաբուժությունը» սեզոնային աֆեկտիվ խանգարման հաղթահարման արդյունավետ մեթոդներից մեկն է, որն Արուսյակը, թերևս, կիրառում է ենթագիտակցորեն․ չէ՞ որ յուրաքանչյուր մարդու բժիշկն առաջին հերթին հենց ինքն է։

Եվ այսպես, ի՞նչ է սեզոնային աֆեկտիվ խանգարումը

Սեզոնային դեպրեսիան կամ սեզոնային աֆեկտիվ խանգարումը դեպրեսիայի ձևերից մեկն է, երբ «տրամադրության և վարքագծի փոփոխություններ են առաջանում եղանակային փոփոխությունների ժամանակ»։ Սեզոնային աֆեկտիվ խանգարումը, սակայն, բնորոշ չէ սոսկ ձմեռային ամիսներին․ այն կարող է առաջանալ տարվա մյուս եղանակներին ևս՝ աշնանն ու ձմռան սկզբին և գարնանն ու ամռան սկզբին։ Ամռանը սովորաբար դեպրեսիայի այդ ախտանշաններն անցնում են։

Սեզոնային դեպրեսիայի պատճառներն ու ռիսկի գործոնները

ԱՄՆ հոգեկան առողջության ազգային ինստիտուտի հետազոտողները կարծում են, որ ուղեղի երկու քիմիական նյութերի՝ սերոտոնինի և մելատոնինի մակարդակների փոփոխություններով են բացատրվում սեզոնային աֆեկտիվ խանգարման առաջացման պատճառները։ Սերոտոնինն այն նյութն է, որը կարգավորում է տրամադրությունը, և համարվում է, որ արևի լույսի նվազեցումն ազդում է գլխուղեղում սերոտոնինի մակարդակի վրա, և ձմռանը, երբ արևի լույսը պակասում է, սերոտոնինի մակարդակը նույնպես նվազում է։

Մելատոնինը կարգավորում է քնի և արթնության ցիկլը։ Փորձագետները ենթադրում են, որ սեզոնային աֆեկտիվ խանգարում ունեցող մարդկանց մոտ մելատոնինն ավելի շատ է արտադրվում, և նրանք քնելու ավելի մեծ ցանկություն են ունենում։

Քիմիական երկու նյութերն էլ պատասխանատու են օրգանիզմում քնի և արթնության ցիկլի պահպանման համար։ Հետազոտության հեղինակները մեկնաբանում են․ «Սեզոնային աֆեկտիվ խանգարում ունեցող մարդկանց մոտ սերոտոնինի ու մելատոնինի մակարդակների փոփոխությունները խախտում են օրվա նորմալ ռիթմերը։ Այդ պատճառով նրանք դժվարությամբ են հարմարվում օրվա տևողության սեզոնային փոփոխություններին, ինչը հանգեցնում է քնի, տրամադրության և վարքագծի փոփոխությունների»։

Կան որոշ տվյալներ, որ դեպրեսիայի այս տեսակն ավելի շատ հանդիպում է կանանց շրջանում, և ախտանշանները հաճախ են դրսևորվում 18-30 տարեկան երիտասարդների մոտ։ Դեպրեսիա, երկբևեռ խանգարում կամ դեպրեսիայի ընտանեկան պատմություն ունեցող անձինք ավելի հաճախ են ենթարկվում սեզոնային աֆեկտիվ խանգարման զարգացման վտանգին։

Սեզոնային դեպրեսիայի ախտանշանները

Սեզոնային աֆեկտիվ խանգարումը և դեպրեսիայի այլ տարատեսակները ունեն նման ախտանիշներ։ Քլիվլենդի կլինիկայի տվյալներով, դրանք են՝

  • Տխրություն,
  • անհուսալիություն,
  • անհանգստություն,
  • էներգիայի անբավարարություն, հոգնածություն,
  • հետաքրքրության կորուստ այն զբաղմունքների նկատմամբ, որոնք նախկինում գրավում էին,
  • սոցիալական մեկուսացում,
  • ածխաջրերով հարուստ սնունդ ընդունելու ցանկություն,
  • քաշի տատանումներ (նվազեցում կամ ավելացում),
  • քնի խանգարումներ,
  • կենտրոնացման հետ կապված դժվարություններ,
  • հուզականություն,
  • մահվան, ինքնասպանության մասին մտքեր։

Սեզոնային դեպրեսիայի բուժումը

ԱՄՆ «Մայո» կլինիկայի փորձագետներն առաջարկում են բուժման հետևյալ մեթոդները․

Լուսաբուժություն

Վառ լույսի ազդեցությունը սեզոնային աֆեկտիվ խանգարում ունեցող մարդկանց համար բուժման հայտնի և արդյունավետ տարբերակ է։ Օրական ամեն առավոտ 20 րոպե վառ լույսի ներքո նստելը նպաստում է դեպրեսիայի ախտանշանների հաղթահարմանը։

Հոգեթերապիա

Կոգնիտիվ վարքային թերապիան կարող է օգնել հաղթահարել այդ բարդ իրավիճակները՝ թույլ տալով բացահայտել ու փոփոխել վարքագծի ու մտածողության բացասական կողմերն ու բարելավել կենսագործունեությանը նպաստող վարքային ու մտավոր մեխանիզմները։

Դեղամիջոցներ․ որոշ մարդկանց համար կարող են արդյունավետ լինել հակադեպրեսանտները, որոնք պետք է ընդունել բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Լրացուցիչ մեթոդները ներառում են՝

  • Ակտիվության, ֆիզիկական վարժությունների ավելացումը,
  • դրսում՝ արևի լույսի ներքո հնարավորինս շատ ժամանակ անցկացնելը,
  • քնի կարգավորումը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Գլխավոր լուսանկարը՝ Արուսյակ Կապուկչյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031