Հայերը խստորեն դատապարտում և մերժում են կասկածելի դրդապատճառներ ունեցող անհատներին, որոնք բազմիցս միջազգային մամուլում գրում են ատելությամբ ու կեղծիքով լի հոդվածներ Հայաստանի մասին։ Այս հոդվածների թշնամական բովանդակությունը ստիպում է ենթադրել, որ դրանք ազնիվ կարծիքի արտահայտություն չեն, այլ արտացոլում են գրողների չար նպատակները։ Եթե մտնեք armeniapedia.org կայքը և նայեք «Ամոթի հայկական սրահ» (Armenian Hall of Shame) բաժինը, ապա կգտնեք մի քանի հարյուր նման հակահայկական թեմաներով գրողների անուններ։
Օրինակ՝ Ջեյմս Ուիլսոնն անցյալ շաբաթ հոդված է գրել՝ «Ինչո՞ւ է Ֆրանսիան փորձում ծառայել Ռուսաստանի օգտին» վերնագրով, որը տեղադրվել է «EU Reporter» կայքում։
Ուիլսոնը հայտարարել է, որ «Ֆրանսիան սկսում է զենք մատակարարել Հայաստանին։ Սկզբում այն ներառում է 50 զրահամեքենայի մատակարարում, բայց ապագայում հնարավոր են նաև ֆրանսիական «Միստրալ» երկիր-օդ հրթիռային համակարգերի մատակարարումներ»։ Սա զուտ ենթադրություն է։ Ուիլսոնը վկայակոչել է մի անհայտ արցախցու, որը իբր թե հայկական հեռուստատեսությամբ խոսել է Հայաստան եկող ֆրանսիական զենքի մասին։
Ուիլսոնը բացահայտել է այս հոդվածը գրելու իր իրական մտադրությունը՝ հայտարարելով, որ ուկրաինական և մոլդովական լրատվամիջոցները հաղորդել են՝ «Երևանին մատակարարվող արևմտյան զինտեխնիկան կարող է օգտագործվել ռուսների կողմից՝ ուկրաինական զինված ուժերի հակահարձակմանը հակազդելու համար»։ Սա բացարձակ անհեթեթություն է։ Ուիլսոնը գրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2022 թվականի սեպտեմբերին Փարիզ կատարած իր այցի ժամանակ քննարկել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունը։ Եթե նույնիսկ դա ճիշտ է, ապա ինը ամիս անց ոչ մի ֆրանսիական փամփուշտ չի ուղարկվել Հայաստան…
Կարդացեք նաև
Ուիլսոնն այնուհետև մեղադրել է Հայաստանին՝ «Մոսկվա ուղարկվող իրանական զենքի փոխադրման կենտրոն ծառայելու մեջ»: Սրանք կեղծ լուրեր են։ Մոսկվան կարիք չունի Հայաստանն օգտագործելու նման փոխադրումների համար։ Այնուհետև Ուիլսոնը կեղծորեն պնդել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բախումների ժամանակ օգտագործել է իրանական անօդաչու սարքեր: Առանց որևէ ապացույց ներկայացնելու՝ նա պնդել է, որ Հայաստան առաքվող ֆրանսիական զենքերը կարող են տեղափոխվել Իրան։ Անհավատալիորեն, Ուիլսոնը եզրակացրել է, որ ֆրանսիական զենքի առաքումները Հայաստան՝ «Ֆրանսիան Իսրայելի հետ բախման ուղու վրա են դնում»՝ Ադրբեջանի հետ նրա ռազմական դաշինքի պատճառով:
Ո՞վ է Ջեյմս Ուիլսոնը և ինչո՞ւ է նման ահավոր բաներ գրում Հայաստանի մասին։ Նա բրյուսելաբնակ բրիտանացի է, որն աշխատել է որպես քաղաքական խորհրդատու, հիմնականում Արևելյան Եվրոպայի հաճախորդների համար, ըստ POLITICO-ի: Նա գրեթե երկու տասնամյակ անցկացրել է Հոնկոնգի կառավարությունում։ 2000-ականների կեսերին հիմնել է MacMillan լոբբիստական խորհրդատվական ընկերությունը՝ սկզբում Ուկրաինայում, ապա Բրյուսելում: Նա Բրյուսելում Եվրամիության (ԵՄ) քաղաքական զեկույցի (EU Political Report) հրատարակիչն ու գլխավոր խմբագիրն է և 2019 թվականին հաստատված Brussels ThinkLab-ի խորհրդատվական ընկերության համահիմնադիրը:
Մարկ Սքոթը POLITICO-ում գրել է երեք մասից բաղկացած ծավալուն հոդվածաշար, որը բացահայտում է Բրյուսելի խորհրդատուների թաքուն աշխատանքը՝ «Բրյուսելի լոբբինգի հետևում գտնվող կապերի ցանցը. չնայած երկարատև թափանցիկության ճիգերին, փուչիկի մեծ մասը մնում է անթափանց» վերնագրով:
Ահա, թե ինչպես է EU Reporter-ի հրատարակիչ Քոլին Սթիվենսը ներկայացրել իր ընկերությունը YouTube-ի տեսահոլովակում. «Մեր բիզնես մոդելն է՝ հնարավորություններ առաջարկել կուսակցություններին, բիզնեսներին, հասարակական կազմակերպություններին, արդյունաբերական ընկերություններին, ֆինանսական հաստատություններին և կառավարություններին՝ օգտագործել EU Reporter-ը՝ ազդելու եվրոպական քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա՝ հովանավորելով լուսաբանում և դրանց հետ կապված դրական լուրերի ու խմբագրական մեկնաբանությունների տեղադրում»:
POLITICO-ն պատասխանել է. «Բարի գալուստ ԵՄ լոբբինգի մութ աշխարհ՝ հանդերձավորված լրագրության հագուստով: Ըստ երևույթին, Սթիվենսը չունի որոշակի օրակարգ կամ չի աշխատում որպես լոբբիստ: Բայց նրա ընկերությունը միջոց է տրամադրել մի շարք ընկերությունների և կառավարությունների՝ վճարովի բովանդակություն հրապարակելու համար որպես պարկեշտ լրատվական հոդվածներ՝ առանց այդ կապերը բացահայտելու»:
EU Reporter-ի կայքում տեղադրվել են տասնյակ հակահայկական և ադրբեջանամետ հոդվածներ։ POLITICO-ն բացահայտել է, որ EU Reporter-ը հրապարակել է «Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող գրառում… Ղազախստանը և Ադրբեջանը երկուսն էլ ստացել են լայնածավալ դրական լուսաբանում կայքում՝ հարցեր բարձրացնելով խմբագրական չափանիշների և վճարովի բովանդակության ճիշտ նշված լինելու վերաբերյալ»:
Ահա թե ինչպես է աշխատել ադրբեջանամետ քարոզչությունը. 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո «ՄԱԿ-ում Բաքվի ներկայացուցիչը նամակ է հղել գլխավոր քարտուղարին՝ պնդելով, որ ամիսներ շարունակվող պատերազմի ընթացքում Հայաստանը ապավինել է ահաբեկիչների և օտարերկրյա մարտիկների վրա։ Նրա վկայակոչած ապացույցների թվում էին EU Reporter-ում հրապարակված հոդվածները: Հոդվածներից մեկում, որը գրվել էր մինչ հակամարտությունը շարունակվում էր, կայքը մեղադրում էր Հայաստանին՝ Սիրիայից թուրք զինյալներ տեղափոխելու մեջ՝ երկրի զինված ուժերին մարզելու համար: Մեկ այլ հոդվածում այն քննադատել է արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնք մեղադրում են ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին օտարերկրյա զինյալների օգտագործման համար․․․ Ադրբեջանցի երեք փորձագետներ POLITICO-ին հայտնել են, որ հակամարտության ընթացքում Հայաստանի կողմից օտարերկրյա զինյալների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և որ EU Reporter-ի կողմից հակամարտության լուսաբանումը զգալիորեն կողմնորոշվել է Բաքվի տեսանկյունից․․․ POLITICO-ն չի կարողացել հաստատել, թե արդյոք Ադրբեջանը վճարել է EU Reporter-ի դրական լուսաբանման համար։ Սթիվենսն ասել է, որ իր կայքը պահպանում է լիարժեք անկախություն, որ այն հավասարաչափ է վերաբերվել Ադրբեջանին, և որ բոլոր հոդվածները նշված են իրենց հեղինակների անունով… Այդուհանդերձ, լրատվամիջոցը և Բաքուն ունեն գրեթե մեկ տասնամյակի վաղեմության կապեր», գրում է POLITICO-ն:
EU Reporter-ը սովորաբար իր հոդվածներին ավելացնում է մի նախադասություն՝ նշելով. «EU Reporter-ը հրապարակում է հոդվածներ տարբեր արտաքին աղբյուրներից, որոնք արտահայտում են տեսակետների լայն շրջանակ: Այս հոդվածներում արտահայտած դիրքորոշումները պարտադիր չէ, որ համընկնեն EU Reporter-ի դիրքորոշումների հետ»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ «թզենու տերև»՝ կասկածելի ծագման հոդվածների հետևում թաքնվելու համար։
Ես գրեցի EU Reporter-ի հրատարակչին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա վճարել է Ջեյմս Ուիլսոնին իր «հոդվածը» գրելու համար, և եթե այո, ապա՝ ինչքան։ Զարմանալի չէ, որ մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել։
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի