Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մինչ կինը ինքն իրեն ճիշտ չսիրի, ոչ ոք դա չի կարողանա անել»

Մայիս 24,2023 13:30

Արփինե այգը նոր վեպ է գրել

Արձակագիր Արփինե այգի համար «Օգնիր ինձ մեռնել. 00:01» վեպը գրելու դրդապատճառ է հանդիսացել այսօրվա արժեզրկված մարդկային փոխհարաբերությունները, լքված ու լքող մարդիկ, կիսատությունը, որը, ինչպես ինքն է բնորոշում՝ ամեն երկրորդի աչքերում նկարված է։

«Մարդկանց համար այլեւս կարեւորություն չունեն ամենակարեւորը՝ զգացմունքները։

Վեպը ավելի քան արդիական է, մենք ապրում ենք ողբերգական ժամանակներում, երբ մարդիկ իրենց անառողջ էգոիզմը բավարարելը համարձակվում են անվանել սեր։ Էյֆորիան, որ ստեղծվում է անպատասխանատու մարդկանց ուղեղներում, ստիպում է այլ՝ ազնիվ, անկեղծ, զգացմունքային ու փխրուն սրտի տեր մարդկանց ներշնչվել սին հույսերով, որոնք կործանարար հետեւանքներ են ունենում։ Բոլոր ավարտները նոր սկիզբ են ու, հաճախ, ապրել շարունակելու միակ հնարավոր տարբերակը մեռնելուց հետո վերածնվելն է»,-ասում է երիտասարդ արձակագիրը, նաեւ նշում՝ այս վեպը կոչ է՝ պատասխանատվություն կրել դիմացինի մեջ արթնացրած զգացմունքների համար կամ ձգտել ընդհանրապես չարթնացնել դրանք։

Գրքի հաջորդ կարեւորագույն կոչն ուղղված է կնոջը։ «Կինն ամենաքիչը պարտավոր է բացահայտել, գիտակցել եւ վերաիմաստավորել իր ուժն ու կարեւորությունը, իր դերը հենց իր կյանքում եւ այս աշխարհի համար։ Ոնց նշել եմ գրքում, կինը ուժ է, անպատմելի է նրա հնարավորությունները, եթե միայն ինքը դա հասկանա։ Մեծ է ցանկությունս, որ կինը նախընտրի զգացմունքների սովը ամեն տեսակ աղբ ներս թողնելուց։ Սովորի, որ իր երջանկությունը ինքն է, սիրի իրեն, ոչ թե խղճա, քանի որ մինչեւ կինը ինքն իրեն ճիշտ չսիրի, ոչ ոք դա չի կարողանա անել, չէ՞ որ նա պիտի ցույց տա՝ որն է իր հանդեպ սերը, որ ուրիշներից էլ դա ակնկալի»,-նշում է Արփինե այգը։ Նա տղամարդկանց մի ավելորդ անգամ հորդորում է չխաբվել կնոջ ուժեղությանը, չմոռանալ, որ կինը շատ նուրբ էակ է եւ  նրա ներաշխարհը անչափ փխրուն է։

Արձակագիրը գրականության հետ միշտ է «լեզու գտել»։ Մեր հարցին՝ երբեմն հիասթափվո՞ւմ է գրելուց, զրուցակիցս հակադարձեց. «Հիասթափվելու պատճառ չունեմ, քանի որ անշահախնդիր եմ տալիս ինձ գրականությանը, նա իմ այն սերն է, որից փոխադարձ ոչինչ չեմ ակնկալում, բայց, միեւնույն է, ստանում եմ ավելի քան»։

Նշենք, որ  «Օգնիր ինձ մեռնել. 00:01» վեպը հասցեագրված է ընթերցողների հասուն շրջանակին, քանի որ հոգեբանորեն ծանր ընթացք ունի եւ ամբողջությամբ էմոցիոնալ խառը եւ հակասական ապրումներ են վերարտադրված։

Այս գիրքը կարող է ազդեցություն ունենալ նախ հոգեվիճակի վրա, նաեւ կմղի կյանքում հանդիպող շատ կարեւոր հարցերին նայել այլ տեսանկյունից։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031