Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մոսկվային եւ Բաքվին արագ պետք է շոշափելի արդյունք՝ Սյունիքի միջանցքի հարցով»

Մայիս 24,2023 12:00

«Ադրբեջանը նաեւ ունի Ռուսաստանի լիակատար աջակցությունը՝ Լաչինի միջանցքը փակ պահելու հարցում», նշում է «Առավոտի» զրուցակիցը` Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արմեն Գրիգորյանը:

– Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների քառօրյա բանակցություններ կայացան, այնուհետեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցություններ անցկացրեցին Բրյուսելում։ Ձեր կարծիքով, Արեւմուտքի միջնորդությամբ հնարավո՞ր է խաղաղության համաձայնագրի ստորագրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

– Դա թերեւս միակ իրատեսական հնարավորությունն է. այլընտրանքը նույնիսկ ոչ թե իրավիճակի սառեցումն է, այլ սողացող օկուպացիայի շարունակությունը։ Ռուսաստանի շահերի պաշտպանությունը ստանձնած շրջանակներն անընդհատ կրկնում են, որ Արցախի բնակչության անվտանգությունը գետնի վրա ապահովում են ռուսները, եւ հետեւաբար Հայաստանը պետք է հանձնվի Ռուսաստանի ողորմությանը՝ ռուս զինվորականների ներկայությունը հետագայում էլ ապահովելու համար։ Նրանք «մոռանում» են, որ Ադրբեջանը կհամաձայնի ռուսական ներկայությունը հնգամյա ժամկետի ավարտից հետո երկարաձգել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի լիակատար աջակցությունն ունենա՝ իր շահերն ապահովելու նպատակով։ Հայտնի է, որ թե Արցախի գյուղերի հանձնումը, թե Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման դեպքերը տեղի են ունեցել այդ տարածքներից ռուսական ստորաբաժանումների հեռանալու, ռուս-ադրբեջանական համագործակցության արդյունքում։ Ադրբեջանը նաեւ ունի Ռուսաստանի լիակատար աջակցությունը՝ Լաչինի միջանցքը փակ պահելու հարցում։

Ոմանք գուցե պնդեն, որ եթե Հայաստանի ղեկավարությունն իրեն «խելոք պահի»՝ «դարավոր բարեկամության» ծիրին մեջ, կամ եթե շտապ լինի իշխանափոխություն՝ հօգուտ հայտնի ուժերի, եթե ավելի սերտորեն կապվենք Ռուսաստանի հետ որեւէ ձեւաչափով, Ռուսաստանը հայանպաստ լուծում կտա, բայց այդպիսի խոսակցությունները նույնքան անհիմն են, որքան Բաքվում «չայ խմելու» մասին կամ խնդրի «լուծված» լինելու մասին վաղեմի հայտարարությունները, Նախիջեւանը չպահանջելը զիջում համարելը, եւ այլն։ Խնդիրն անգամ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի թուլացումը չէ, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ շահերի համընկնումը՝ ինչն ակնհայտ էր ե՛ւ մինչ Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սկիզբը, ե՛ւ անգամ տարիներ առաջ՝ մինչ 44-օրյա պատերազմը։

Սակայն Արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններն ավելի երկարատեւ եւ բարդ գործընթաց են լինելու, քան ենթադրվում է որոշ լավատեսական գնահատականներով հանդես եկողների կողմից։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը։ Մյուս կողմից, Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը խիստ նյարդայնացնում է Մոսկվային: Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը, գոնե այս հարցով, տեղափոխվել է Հայաստան: Սա վտանգավոր իրավիճակ չէ՞ Հայաստանի համար, ինչի՞ կարող է հանգեցնել այս դիմակայությունը:

– Նախ, ԵՄ դիտորդների ներկայությունը նյարդայնացնում է նաեւ Բաքվին եւ հայաստանյան ընդդիմության զգալի հատվածին՝ ինչը բավական ակնհայտ է եւ ինքնին խոսուն փաստ է։ Ընդդիմության ներկայիս ակտիվացումն էլ կրկին պատահական չէ։

Իրավիճակն իսկապես վտանգավոր է։ Ի վերջո, Ռուսաստանն, ըստ էության, ոչ թե միջնորդ է, այլ հակամարտության կողմ, որի ազդեցությունը պետք է հակակշռվի։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի առաքելությանը կողմ լինելու մասին՝ որոշակի պարտավորություններ կատարելու դեպքում հայտարարություններին, դրանք գուցե իրավիճակն ավելորդ չլարելու փորձ են, սակայն ռուսական համապատասխան շրջանակների կողմից մեկնաբանվելու են իրենց ձեռնտու միակողմանի կերպով՝ Հայաստանի վրա ճնշումն ավելացնելու համար։ Այսինքն, ՀԱՊԿ-ի առաքելությանը հավանություն տալու մասին ցանկացած հայտարարություն կարող է մեկնաբանվել որպես Հայաստանի կողմից ինչ-որ պարտավորության ստանձնում։ Դա նման է նրան, երբ հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ ցանկացած բառ փոխանակելը հանգեցնում է խոշոր վնասի. օրինակ, երբ կարող էին իբր կատակի տեսքով մեկին հարցնել՝ «կարո՞ղ է մեքենադ նվիրես», եւ դա ավարտվում էր հանցագործներին պարտք մնալով։

– «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ նոր մեխանիզմներ եւ սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, քանի որ Հայաստանը չի ստանում այն, ինչ պատվիրել ու վճարել է Ռուսաստանին։ Այսինքն, սպառազինությունները չեն հասնում Հայաստան, թեեւ դրանց համար հայկական կողմը վճարել է: Որո՞նք են դրա պատճառները` զենքի սակավությո՞ւնը, թե՞ Մոսկվայի քաղաքականությունն է Հայաստանի հանդեպ:

– Զենքի սակավության խնդիր չկար. ինչպես եւ այն պնդումների դեպքում, որ Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի պատճառով չի կարողանում արդյունավետ խաղաղապահ գործողություն իրականացնել, խնդիրը սկիզբ չի առել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիան սկսելու պահից՝ 2022թ. փետրվարից։ Ռուսաստանի կողմից իր պարտավորությունների չկատարումը սկսվել էր շատ ավելի վաղուց։

– Հայաստանյան ընդդիմադիրները հարց են բարձրացնում` որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», Ռուսաստանին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց Ռուսաստանից ակնկալել սպառազինություն։ Ստացվում է, Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ են ստորագրում, ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայմանը կողմ են, ՌԴ նախագահ Պուտինը Փաշինյանին հրավիրում է Մոսկվա` Հաղթանակի օրվա շքերթի, սակայն ընդդիմադիրները արդարացնում են Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ պայմանագրային պարտավորությունների չկատարումը, վճարված գործարքի համար` զենքի մատակարարումից հրաժարվելը: Որքանո՞վ է ադեկվատ հայաստանյան ընդդիմությունը:

– Ռուսաստանից պատվիրվել է սպառազինություն եւ դրա համար վճարվել է ԵՄ-ի դիտորդների տեղակայման մասին պայմանավորվածությունից շատ ավելի վաղ. գումարը վճարվել է, իրենք ոչ ապրանքն են մատակարարել, ոչ էլ փողն են վերադարձրել։ Իսկ այժմ կրկին ակտիվացած ընդդիմությունը Ռուսաստանի ցանկացած գործողություն կարդարացնի. դա մասամբ պայմանավորված է առաջադրանքի կատարմամբ, մասամբ դոգմատիկ աշխարհայացքով, մասամբ էլ նախկինում՝ հատկապես իշխանություն եղած ժամանակ իրենց արածները ոչ թե պարզապես արդարացնելու, այլ փառավորելու մոլուցքով։

– Ստեղծվել է իրավիճակ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով եվրոպացի քաղաքացիական դիտորդների տեղակայմանը դեմ են` Մոսկվան, Բաքուն եւ հայաստանյան ընդդիմությունը։ Ինչո՞վ եք դա բացատրում: Մյուս կողմից, մեր հանրությանն առայժմ այնքան էլ պարզ չէ, թե ԵՄ առաքելությունն ինչ գործառույթներ ունի, այսպես ասած` ինչ օգուտ է տալիս Հայաստանին անվտանգային առումով: Հայաստանն, առհասարակ, եվրոպական երկրներից կարո՞ղ է անվտանգային առումով լուրջ աջակցություն ստանալ, օրինակ` Ֆրանսիայից: Հիշեցնեմ անցյալ ամսվա վերջին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի այս հայտարարությունը. «Ինչ վերաբերում է պաշտպանությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում»:

– Ռուսաստանի եւ նրա տարբեր տեսակի դաշնակիցների անհանգստությունը պայմանավորված է մասնավորապես ժամանակի գործոնով։ Արդեն իսկ խստացվում են պատժամիջոցները, իսկ միաժամանակ՝ նվազեցվում են դրանք շրջանցելու հնարավորությունները, ինչը հայաստանյան որոշ «ճարպիկ» տնտեսվարողներ եւս արդեն զգում են իրենց մաշկի վրա։ Իսկ արդեն շաբաթներ կամ ամիսներ անց Ուկրաինայի հակահարձակման հաջողությամբ պսակվելու դեպքում Ռուսաստանն է՛լ ավելի քիչ հնարավորություններ կունենա՝ իր կամքը թելադրելու եւ ազդեցության գոտի ունենալու հավակնությունների առումով։

Թե՛ Մոսկվային, թե՛ Բաքվին արագ պետք է շոշափելի արդյունք՝ Սյունիքի միջանցքի կամ այլ տեսքով, որպեսզի հասցնեն դա, այսպես ասած, «թղթով» ձեւակերպել եւ հետագայում պնդեն, որ իրենց դիկտատի արդյունքը լեգիտիմ միջազգային փաստաթուղթ է։ Նույնքան հասկանալի է ընդդիմության ակտիվացումը. բացի «ռուսներից ավելի ռուս» լինելուց կամ պարզապես առաջադրանք կատարելուց՝ երբեմն քարոզչական թեզերի բառացի կրկնությամբ, նրանցից առավել հավակնոտները գիտեն, որ առանց Ռուսաստանի ուղղակի միջամտության նորից իշխանության գալու հնարավորություն չունեն, ոմանք էլ՝ թեկուզ շատ մեծ ուշացումով, սկսել են անմիջականորեն զգալ ապօրինի ձեռք բերված կարողությունների կորստի վտանգը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ի դիտորդական առաքելության մասին հանրության անտեղյակությանը, դա մասամբ դարձյալ հակաքարոզչության հետեւանք է։ Սակայն իշխանության ռազմավարական հաղորդակցության պակասը նույնպես խիստ բացասական է ազդում։

Եվ ի վերջո, անվտանգային առումով օժանդակություն պետք է ակնկալել հետագա էսկալացիան եւ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունները (այդ թվում՝ միջանցքի հարցով) կանխելու, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ բանակցությունները կառուցողական դաշտում պահելու հարցում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընդառաջ Էրդողանի վերընտրմանը 28-ին և ի հարված նույն օրը լրացող Սարդարապատի ճակատամարտի 105-ին, ԱՊՓ եռայակը մայիսի 25-ին հավաքվում են` նվեր են պատրաստում էրդողանին:
    Օգտագործել եմ զորավար Մովսես Սիլիկյանի առաջին կոչը. 24 մայիս, 1918
    https://www.aniarc.am/2023/05/24/movses-silikian-24-may-1918/

    “105 տարի անց” կամ “Ապրելու իրավունք”: 
    Հայե՛ր,
    Մի շտապեք հայրենիքն ազատելու` այն անհաղորդ է։
    Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ՝ մոռանալով իր ազգությունը ու հիշելով միայն իր անձնականը` նորմալ ապրելու (առանց ճիգի) իղջը, արեց առաջին կարևոր քայլը: Աշխարհով մեկ հայտարարեց որ լքում է հայրենիքի փրկության և իր պատվի (նաև կնոջ ու աղջիկների) պաշտպանության ուղին: Ի ուրախություն Մեծ Թուրանի և նաև ճիշտ պահին` ի նվեր Մեծ Թուրանի ռազմիկ Էրդողանի վերընտրվելուն:
    Հայեր, դուք չեք ուզում կռվել. հանուն խաղաղության ու հաշտության պատրաստ եք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, չնայած նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրած պատերազմական ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը: Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի՞ լավ է, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ: Դուք ասում եք ոչ` ավելի լավ չէ: Գիտեք որ անկարող ենք մեծ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը: Ապրելու իրավունք: 
    Հա, դուք չեք կարող պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին 44-օրյա կռիվը, ու սահմանները զոհասեղանների նմանացնելը: Դատեցի՞ք պատասխանատու Մեծն Հրեշին, որ օրական զոհ ա պահանջում ազգից իր պարտականությունները Մեծ Թուրանի ծրագրին կշտացնելու համար
    Հարկավոր է մի ճիգ, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթայթել իրենց օրվա ապրուստը: Չէ, դուք արժանի եք ավելի քիչ չարչարանքով ավելի շատ ունենալուն: Կարծո՞ւմ եք թշնամին է ձեր փոխարեն աշխատելու ու արյուն-քրտինք թափելու է որ դուք “նորմալ կյանք” վայելեք… Միշտ կարելի կլինի ասել. (էհ, հայի հետին խելքը)
    Հայե՛ր,
    Ժամանակ չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու. ես պահանջում եմ ամենքից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանության համար:…..Կատակում եմ` տակներդ չանեք:
    Հայուհինե՛ր,
    Հիշեցե՛ք հինգերորդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին, անմահ Վարդանի կռիվների ժամանակ. հետևե՛ք նրանց օրինակին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնակոխ լինի, խրախուսեցե՛ք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գնալուց: Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ… Եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնակոխ լինի: Եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնակոխ լինի… Նորից կատակում եմ, գիտեմ որ ժամանանկներն ուռիշ են` պատիվ էլ է ուրիշ, ոտնակոխ լինելն էլ…
    Խորին կերպով համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք կմնա, և երկու-երեք օրվա ընթացքում Մեծն Հրեշը կստորագրի մի այնպիսի պայմանագիր, որով կհաջողվի թշնամուն բերել, լցնել, բնակեցնել մեր հայրենի հողին, որ ոչ մի ընդդիմադիր երբևիցե չձախողի հայ ժողովրդի շարունակական զոհաբերումը:
    Հանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական ոչնչացման,
    Հանո՛ւն ճշմարտության շարունակական ոտնակոխման,
    Մի կանգնեք ոտքի: 
    Մերժեք սրբազան պայքարը: 
    Սիրեք նոր տերերին և արուն-քրտինք թափեք հանուն Մեց Թուրանի:
    Այսպես կոչված Հայաստանի Հանրապետության
    Գլխավոր դեմոնտաժող` Մեծն Հրեշ նիկոլ փաշինյան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031