1.Ծառից արցախցու ընկնելու ժամանակը
-Բա արցախցին ծառից կընկնի՞, -տեսնելով գլխիս առաջացած փոսը, կշտամբեց բանաստեղծ ընկերս՝ Գագիկ Դավթյանը:
-Ծառից արցախցու ընկնելու ճիշտ ժամանակն է, -պատասխանեցի ես, -հասունացել է, քաղող չկա, ու ցած է ընկնում, կամ ինչպես արցախցին է ասում՝ կաթուկ է տալիս…
Ես ի նկատի ունեի թե՛ Արցախի շուրջը տեղի ունեցող իրադարձությունները, թե՛ կեռասենուց գլխիվայր իմ ընկնելը: Գլխի կրկնակի վիրահատությունից հետո աստիճանաբար վերականգնվում է հիշողությունս ու արտահայտվելու կարողությունս: Հիշում եմ, որ կինս՝ Լիլիան, խոհանոցի պատուհանից տեսնելով ծառի կատարին կեռաս քաղելիս, խիստ տոնով ասաց.
Կարդացեք նաև
-Անմիջապես իջի՛ր ծառից:
Ոչինչ չպատասխանեցի: Պատուհանից հետեւում էր: «Աստված, մի անգամ պատժիր, գցիր ծառից, որ ինձ չլսելը դաս լինի նրան», -Լիլիայի փոխարեն մտածեցի ես:
Կեռասով լցվել էր տոպրակը: Ոտքով փնտրեցի աստիճանը, սակայն այն սահեց: Պետք է թողնեի տոպրակն ու բռնեի ճյուղից: Թոռներիս համար հավաքած կեռասը թափել գետին չէի ուզում: Աստիճանը, գուցե կնոջս կամքին ենթարկվելով, ինձ էլ հետը ցած նետվեց: Գերադասեցի տոպրակը անվնաս պահել:
Թեւերի թափահարում լսեցի: Մտածեցի՝ այստեղ է՞լ են հրեշտակները հետեւում ինձ: Աստիճանի սահելը սրա՞նց գործն է: Լսում էի նրանց փսփսոցը.
-Ջրի ծորակի չուղղե՞նք սրա գլուխը ու վերջացնենք հարցը, թե չէ հրեշտակապետի հանձնարարությամբ քաշ ենք գալիս սրա հետեւից, էլ Շուշի, Սումգայիթ, Գանձակ, Ակնա, Արցախ, պատերազմի թեժ կետեր……
-Հա, նույնիսկ Արցախի նախագահը որոշեց սպանել տալ, էլի խառնվեցինք, գրողի, թե գրողը տարածի սպանությունը խափանեցինք……
-Չէ, հրեշտակապետն ասել է՝ ամեն կերպ պահպանեք նրան, նա դեռ պետք է մեզ, գրող է, թող շարունակի գրել……
-Իսկ ես կողմ եմ նրա կործանման: Չլսեցի՞ք նրա կինը ինչ ասաց. Աստված, էնպես արա, որ մի լավ դաս լինի……
-Չէ, դա ինքն է մտածել իր կնոջ փոխարեն: Հրեշտակապետը չի ների մեզ,,,
Գլուխս գետին զարկվեց, սակայն կեռասով լցված տոպրակը անվնաս մնաց:
Միշտ մտածել եմ, թե ինչպե՞ս են նրանք ազատորեն ճախրում երկնքում: Մարդիկ չեն զգում այն հզոր էներգետիկ ռեսուրսները, որ գոյություն ունեն իրենց շրջապատում: Իսկ երկնային հրեշտակները հենց այդ էներգիան են օգտագործում, մագնիսական ալիքին հանձնված այս կամ այլ ծայրամաս թռչում: Ես առիթ էի փնտրում նրանց խնդրելու, որ մարդկությանը փոխանցեն այդ հզոր ուժից օգտվելու գաղտնիքը:
Կինը ցնցված էր. իր ցանկությունը նույն պահին իրական դարձավ: Ներքին հզորություն զգաց, սակայն երբ շտապօգնության մեքենան եկավ, ու ամուսինը խոսեց, մտածեց, որ իր ցակությունը թերի է կատարվել, դե, ինքն էլ էր այդպես ուզում. թող դաս լինի…
Երբ ուշքի եկա, արդեն Հանրապետական հիվանդանոցում էի:
Այսպես խափանվեց Միացյալ Նահանգներ մեկնելուս ծրագիրը:
-Արի, մի երկու ամիս հանգստացիր, երբեք չես հանգստացել, -ասում էր դուստրս՝ Սոնան:
Ես երբեք որպես տուրիստ ոչ մի տեղ չեմ գնացել: ԱՄՆ, խնդրեմ, կարող եմ «Արմտյան Հայաստանը մինչ 1915 թ. լուսանկարներում» ցուցահանդես կազմակերպել համայնքներում, հիշեցնել պահանջատիրության գաղափարի մասին: Տարիներ շարունակ արխիվներից, թանգարաններից հավաքել եմ հայության հետ կապված յոթ հազար հին լուսանկար: Դրանք պետք է ցուցահանդեսների միջոցով աշխատեցնել: Գուցե ԱՄՆ-ում նման ճանապարհ բացվի ու Սփյուռքահայերին կհիշեցնեն իրենց արմատների, պահանջատիրության մասին:
Ցուցադրելու մյուս թեման Արցախն է, նրա պատմությունն ու մշակույթը: Չորս տարի աշխատակցել եմ Արցախի Հանրապետության Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններում նորահայտ ամրոցներն ուսումնասիրող խմբին: Այդ հինավուրց հայկական ամրոցների հետազոտության արդյունքներն ամփոփել ենք պաստառների վրա, որոնք ցուցադրել են ՀՀ ԱԺ սրահում ու Ստեփանակերտի Մշակույթի տանը: Սակայն այստեղ էլ է ինձ հալածում անհաջողությունը:
Ինչքան փորձեցի կարեւոր գիտահետազոտական աշխատանքների ընթացքը հեռու պահել երկիրը համակած ու դեպի կործանում տանող քաղաքական պայքարից, չստացվեց: Հնագետ Գագիկ Սարգսյանը, լինելով Լ. Տեր-Պետրոսյանի կուսակցության ամենանվիրյալ անդամներից մեկը, ինձ «ոչ մի թիզ հողական» էր անվանում: Իսկ նա գոհանում էր, երբ իրեն «հողատու» էի անվանում:
-Դու համոզված պնդում ես, որ Արցախի Հանրապետության այս տարածքները եւս հանձնվելու են թշնամուն, այդ դեպքում ինչո՞ւ ես ուսումնասիրում այդ տարածքների ամրոցները: Այս նյութերն է՞լ ես հանձնելու թշնամուն, -դիմեցի ես:
-Մենք նյութերը կհրապարակենք, ու նրանք կվերցնեն եւ ամենը իրենցը կդարձնեն, -պատասխանեց Գագիկ Սարգսյանը:
Մեր ընդհարումներն ավելի էին թեժանում: Քաշաթաղն ու Քարվաճառը առանց դիմադրության թշնամուն հանձնելու տերպետրոսյանական ծրագրի իրագործումից մի քանի ամիս առաջ նա ինձնից գաղտնի էր այդ շրջանները մեկնում: Իսկ Արցախի այդ տարածքների հանձնումից հետո ես վերցրի չինական դրոն սարքը, որն իմ սեփականությունն էր: Դա էլ մեր հարաբերությունների վերջնական խզումն էր: Գագիկը գիրք կազմեց, իմ փոխարեն համահեղինակ դարձնելով Քաշաթաղի «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանին:
Ես գրքի համահեղինակությունից զրկվելը շատ ցավալի չեմ ընդունում: 48 վեպերի, ժողովածուների, հրապարակախոսական արձակ ու վավերագրական գրքերի հեղինակ եմ ու շարունակում եմ գրել, հրատարակել: Ինքը՝ Գագիկը դրա կարիքն ունի, քանի որ դա նրա գրքի հեղինակ կամ համահեղինակ լինելու առաջին փորձն էր:
2.Տասը տարվա գերություն
ԱՄՆ մեկնելու համար դիմելուց երեք օր հետո տեղեկացրին, որ տասը տարվա վիզա-թույլտվություն են հաստատել: Ուրեմն 10 տարվա գերության եմ հանձնվել: Ասես թե դա անհաջողություններիս փոխհատուցումն էր: Միշտ անհաջողությունների շարքին հաջորդում էր մի հաջողություն: Ուրեմն վիզա ստանալուց հետո պետք է սպասեմ հերթական անհաջողությունների……
Լոս Անջելես մեկնելու տոմս գնելուց հետո հանդիպեցի ԵՊՀ արեւելագիտության նախկին դեկան, բարերար Գուրգեն Մելիքյանին: Պարզվում է, որ նույն չվերթով ենք գնալու: Սակայն ընտանեկան պատճառներով նա եւս փոխեց չվերթը:
Ոչ մի կերպ չեմ համակերպվում վիրահատությունների հետեւանքով գանգոսկրիս առաջացած փոսորակի հետ, ու այն քողարկում եմ գլխարկով: Բարեբախտաբար ինձ հեռուստահաղորդումների այլեւս չեն հրավիրում: Իշխանական ալիքներից մերժված եմ վարչապետի դեմ ելույթներիս համար, իսկ ընդդիմությունն էլ իր հերթին է մերժել, քանի որ Հ2 հեռուստաալիքի պատասխանատու իմ բարեկամին հայտնեցի, որ անբարո ու հայկական շահերին դավաճանական քաղաքականություն ընտրած նոր իշխանությունն արդյունք է նախորդների համատարած կոռուպցիայի, դրան հաջորդած բարոյահոգեւոր անկմանը: Փաստորեն, ժողովուրդը խաբվեց քայլող նիկոլականների՝ նախորդ ղեկավարներ Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի քաղաքականությունը մերժող քարոզչությանը:
Վերականգնման ձանձրալի ընթացքից հետո, երբ մտքերս ավելի սահուն ու հասկանալի էին դառնում, որոշեցի մեկնել ԱՄՆ: Սակայն եւ սպասում էի նոր խոչընդոտի: Տղաս՝ Հովհաննեսը, որ ճանապարհում էր ինձ, սկսեց բանակցել աշխատակցի հետ եւ համաձայնեց: Երբ բեռնված ցուցահանդեսային նյութերով ներկայացա օդակայանի գրանցման բաժին, պարզվեց, որ չեմ վերցրել համավարակի դեմ պատվաստման փաստաթղթերը, բացի այդ, յուրաքանչյուր ճամպրուկ չպետք է անցնի սահմանված 23 կգ կշիռը, իսկ ինձ մոտ մեկը 13 կգ է, մյուսը՝ 33: Ինքնաթիռից հայտնեցին, որ չեն կարող ձգձգել թռիչքը: Գլխիկոր տուն վերադարձանք:
500 ԱՄՆ դոլար տուգանքի ու տոմսի սեզոնային թանկացման հավելավճարից հետո Դոհա՝ Քաթարի մայրաքաղաք, ապա Լոս Անջելես մեկնող ինքնաթիռների նոր տոմս գնեցի: Իմ բոլոր ծախսերը Սոնան էր հոգում: Ես, որ բազմաթիվ գրքերի, հարյուրավոր գեղանկարների, հեռուստահաղորդումների, հոդվածների հեղինակ եմ, նման ճամփորդություն չէի կարող ինքնուրույն ձեռնարկել:
Մեկ շաբաթ հետո էլ հաշվառման բաժին գնալու ճանապարհին հանդիպեցին օդակայանի նույն աշխատակիցներն ու առաջարկեցին մեզ հետ տանել ծխախոտի տուփերը:
-Ի՞նչ է, մի շաբաթ ձեզ չի՞ հաջողվել դրանք Լոս ուղարկել, -հարցրեց Հովհաննեսը: Ոչինչ չպատասխանեցին: Պարզ էր, որ դա նրանց լրացուցիչ գործարարություն էր:
Այս անգամ ոչ մի արգելքի չհանդիպեցի: Սակայն ինձ մտահոգում էր իմ հայրենի եզերքի՝ Արցախի շուրջը ընթացող իրադարձությունները: Կարծես թե դա օդակայանի սպասարկող աշխատակիցներին չի վերաբերում: ՀՀ այս իշխանությունները իրենց կառավարության, խորհրդարանի ողջ ՔՊ-ական կազմի, պետական ծառայողների հետ պաշտպանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անկախ նրա ձեռնարկների բնույթից, հայոց շահերի դեմ լինելուց: Սակայն այս իրավիճակն արդյունք է նաեւ Հայոց Սփյուռքի, մանավանդ ԱՄՆ-ի հայության հայկական հարցից հիասթափությունը: Հույս ունեմ, որ Արեւմտյան Հայաստանի հին լուսանկարներով շատերին դարձի բերել, համոզել, որ հայրենի եզերքի փրկությունը նաեւ Հայոց պահանջատիրության մի մասն է:
Օդակայանում հայտնեցին, որ պատվիրում են Դոհայի օդակայանի կամավորները գան եւ ինձ սայլակով տեղափոխեն մինչեւ Լոս Անջելեսի հաշվառման բաժին: Հետաքրքրվեցին՝ հո ռուսական դեղամիջոցներո՞վ չեմ թեստավորվել, քանի որ ամերիկացիները չեն ընդունում ռուսական թեստավորումը: Ամեն ինչ նախատեսել էինք:
Օդանավում էկրանին Գուգլի արբանյակային եռաչափ նկարահանումներն են, որոնք ցույց են տալիս թռիչքի աշխարհագրական միջավայրը: Չնայած գիշեր է, սակայն լուսանկարները ցերեկային պատկերներ են: Մենք թռչում էինք Իրանի վրայով: Իսկ օվալաձեւ պատուհանից Իրանի բնակավայրերն են, որոնք ասես համաստեղություններ, նոր գալակտիկա են կազմում:
Էկրանից հասկացա, որ ներքեւում իրանական Ատրպատական-Կրակի երկիրն է: Ասում են, որ երկրամասի անունը Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից մեկի անունից է ծագում: Ինքս նման վարկածի չեմ հավատում: Համոզված եմ, որ երկրի անունից է ծագում զորավարի անունը եւ ոչ թե հակառակը: Իսկ եկվոր թաթարներն ու թուրքերը ընտրել են երկրամասի արաբական հնչեղությունը: Հիշում եմ, երբ նրանց հարցնում էի, թե ինչ ազգի են պատկանում, պատասխանում էին՝ մուսուլման, այսինքն՝ ազգությունը կապում էին իսլամական հավատալիքի հետ, քանի որ դեռ մեծամասնությանը չէր հասել 1936 թ. Ստալինի որոշումը, որ իրենք այսուհետ պետք է ադրբեջանցի կոչվեն, չնայած Արաքս գետից հյուսիս Կուր-արաքսյան միջագետքը Հայոց Առանն է ու Ատրպատական-Ադրբեջանի հետ կապ չունի: Ընդունելով այս անվանումը, այս տարածքի այսօրվա դոմինանտ ժողովուրդը՝ թուրքերը, որոնք քաղաքական նպատակներով «ադրբեջանցի» են կոչվելու, սկսում է իրեն վերագրել Հայաստանի, Ալբանիա-Աղվանք երկրի, բնիկ ժողովուրդների մշակութային, պատմության ժառանգությունը: Եվրոպացիների վրա ավելի մեծ ազդեցություն թողնելու նպատակով, Բաքվի հեղինակները գրում են, որ ադրբեջանցիներն ու իտալացիները նույն ակունքից են ծագում: Լուրջ գիտնականները Լեռնային Ալթայից եկած ու Իրանը, Հայաստանը, Բյուզանդիան իրենցով լցրած այս ժողովրդի «գիտնականների» նման կեղծիքը լուրջ չեն ընդունում: Սակայն Բաքվի քարոզչությունը, սնվելով նավթի ու գազի բերած գումարներով, ավելի էր ուռճանում, ու կեղծիքներն ահռելի չափերի էին հասնում, որի դեմն արդեն առնել էր պետք: Սակայն երբ այդ ստահոդ նյութերը հարյուր հազարավոր քանակությամբ լցվում են աշխարհում, ու դրա դեմ պայքարը բացակայում է, գումարած դրան նավթադոլարները, կաշառքի տեսք են ստանում, ապա դրա դեմ միասնական պայքար է պետք կազմակերպել:
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.05.2023